Բավ է պառակտվել
01-10-2017 13:33

Ջոն Մալկովիչը հայերին. « Անհամբեր սպասում եմ ձեզ հետ հանդիպման»

Հոլիվուդյան լեգենդ Ջոն Մալկովիչն անհամբերությամբ սպասում է հայ հանդիսատեսի հետ հանդիպմանը: Նա տեսաուղերձ է հղել Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանին և հայ հանդիսատեսին, որում խոսում է սպասվելիք համերգի մասին:
«Ողջույն Սերգեյ, Ջոն Մալկովիչն է: Ես այստեղ եմ՝ բավական անձրևոտ Սան Սեբաստիանում, լավագույն երկրում՝ Իսպանիայում: Շուտով ձեզ կտեսնեմ, անհամբեր դրան եմ սպասում: Մենք Երևան ենք գալիս: Հուսով եմ՝ շուտով կհանդիպենք: Ցտեսություն»,- ասում է Մալկովիչը:
Հոկտեմբերի 11-ին Արամ Խաչատրյան համերգասրահում կմեկնարկի Խաչատրյանի 5-րդ միջազգային փառատոնը: Բացման համերգը կնշանավորվի հոլիվուդյան լեգենդ Ջոն Մալկովիչի ելույթով: Նա ելույթ կունենա Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի հետ՝ դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ:
Հանդիսատեսին սպասվում է երաժշտության և գրականության իսկական տոն:Ալֆրեդ Շնիտկեի դաշնամուրի և նվագախմբի համար գրված կոնցերտի կատարումը կուղեկցվի Էռնեստո Սաբատոյի « Հերոսների և շիրիմների մասին» ( « Հաղորդագրություն կույրերի մասին»)ստեղծագործության ասմունքով:
Խաչատրյանի 5-րդ միջազգային փառատոնը նվիրված է Իվան Այվազովսկու ծննդյան 200-ամյակին:
Փառատոնը կանցնի ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի բարձր հովանու ներքո։ Երաժշտական տոնը իրականություն կդառնա Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի ջանքերի շնորհիվ (նվագախմբի գլխավոր գործընկեր՝ ՎիվաՍել-ՄՏՍ)՝ ՀՀ Մշակույթի նախարարության և «Խաչատրյան» հիմնադրամի աջակցությամբ: