25-07-2014 15:52

Երևանի գրադարաններն ու երաժշտական դպրոցները համալրվում են գրականությամբ

Երևանի բոլոր գրադարանները, մասնաճյուղերով հանդերձ, համալրվում են նորատիպ գրքերով։ Այս տարվա ծրագրով Երևանի քաղաքապետարանը ձեռք է բերել 145 անուն 4800 կտոր գիրք, որոնք այս օրերին բաշխում է գրադարաններին։
«Արդեն ծրագրի երրորդ տարին է, որ գրադարանները համալրվում են վերջին տարիներին տպագրված գրականությամբ։ Ծրագրին ձեռնամուխ եղանք 2012 թվականին, երբ Երևանը գրքի համաշխարհային մայրաքաղաք էր։ 2014 թվականը Երևանի գրադարանների համար ծավալուն, կարևոր ծրագրերով է հատկանշվում։ Այս օրերին 12 գրադարան է վերանորոգվում, մեծ մասը հիմնանորոգվում է։ Եվ բավականին գոհացուցիչ է, որ սեպտեմբերից դրանք կգործարկվեն բարետես, ջեռուցվող, լուսավոր ու նոր գրականությամբ համալրված։ Գրքերի խմբաքանակում ներառված է մասնագիտական և գեղարվեստական գրականություն, հայ ու համաշխարհային դասականների ստեղծագործությունների վերահրատարակումներ, ինչպես նաև ժամանակակից հեղինակների նորատիպներ, մանկական գրականություն։ Այս տարի նաև երաժշտական գրականություն, այդ թվում և պարտիտուրաներ ենք ձեռք բերել և Երևանի քաղաքապետարանի ենթակայության բոլոր 25 երաժշտական դպրոցների գրադարաններին ենք բաժանում»,- ներկայացրել է Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը։
Գրադարանների տնօրեններն ու աշխատակիցներն իրենց հերթին նշել են, որ ոլորտում հատկապես վերջին տարիներին մեծ ոգևորությամբ են աշխատում։


«Նոր Նորք վարչական շրջանի կենտրոնական 15-ամյա գրադարանը 5 մասնաճյուղ ունի զանգվածներում։ Արդեն երկու ամիս է գրադարանը հիմնանորոգվում է, այս օրերին էլ համալրվում է արժեքավոր նորատիպ գրականությամբ։ Սա խոսուն վկայությունն է այն ուշադրության, որ վերջին տարիներին քաղաքապետարանն այնչափ կարևոր ծրագրերով է արտահայտում»,- նշել է Նոր Նորք վարչական շրջանի կենտրոնական գրադարանի տնօրեն Նազենի Արզումանյանը։