15-01-2016 10:11

Հուզված եմ՝ իմանալով հերթական անգամ «Օսկար»-ի առաջադրվելու մասին.Դի Կապրիո

Հոլիվուդյան հայտնի դերասան Լեոնարդո Դի Կապրիոն հայտնել է, որ «ուրախ է և հուզված» վեցերորդ անգամ հեղինակավոր «Օսկար» մրցանակի առաջադրվելու համար, չնայած նախկինում ոչ մի անգամ նա չի ստացել այդ մրցանակը: Այս մասին նա հայտարարել է Լոնդոնում, որտեղ մասնակցում էր «Փրկվածը» ֆիլմի բրիտանական պրեմիերային: Հենց այդ ֆիլմում խաղացած դերի համար է նա հավակնում «Օսկար» մրցանակի՝ «Լավագույն դերասան» անվանակարգում: «Ես հուզված եմ, իրոք հուզված եմ»,- ասել է նա՝ պատասխանելով հարցին, թե արդյո՞ք հերթական «Օսկար»-ին առաջադրվելը որևէ էմոցիա առաջացնում է իր մոտ: «Նման ճանաչում ձեռք բերելը մեծ ձեռքբերում է, հատկապես երբ այդքան լուրջ ես վերաբերում քո գործին: Այս ֆիլմը գրեթե մեկ տարի տարել է իմ կյանքից, իսկ ռեժիսոր Ալեխանդրո Ինյարիտուի՝ երեք կամ չորս տարի: Այս ֆիլմում մենք արել ենք հնարավոր ամեն ինչ»,- ասել է դերասանը: Լեոնարդո Դի Կապրիոն առաջին անգամ «Օսկար» մրցանակի է առաջադրվել 1994 թվականին «Ինչն է անհանգստացնում Գիլբերտ Գրեյփին» ֆիլմում մարմնավորած դերի համար: Այնուհետև 2005-ին «Ավիատորը», 2007-ին՝ «Արյունոտ ադամանդ» ֆիլմերում մարմնավորած դերերի համար, 2014-ին՝ «Ուոլ Սթրիթի գայլը» ֆիլմի համար միանգամից երկու անվանակարգում՝ «Լավագույն պրոդյուսեր» և «Լավագույն դերասան»: