Բավ է պառակտվել
13-10-2016 13:30

Դի Դի Բրիջուոթեր. եկել եմ Հայաստան` այն հասկանալու համար

Yerevan Jazz Fest-2016 փառատոնի հեդլայներ, աշխարհահռչակ երգչուհի Դի Դի Բրիջուոթերը հինգշաբթի հայտարարեց լրագրողներին, որ վաղուց է երազել այցելել Հայաստան։

Yerevan Jazz Fest ամենամյա միջազգային փառատոնը կանցկացվի Երևանում հոկտեմբերի 13–16–ը։ Փառատոնի առաջին օրը կբացի Դի Դի Բրիջուոթերը, ում անվանում են ջազի դեսպան։

«Երջանիկ եմ, որ վերջապես Հայաստանում եմ։ Ինձ համար մեծ պատիվ է լինել այստեղ և մասնակցել փառատոնին։ Ուզում էի այցելել Հայաստան դեռ 1968 թ.–ին, երբ առաջին անգամ այցելեցի ԽՍՀՄ և լսեցի Հայաստանի մասին», – նշեց Բրիջուոթերը։

Չնայած նա խոստովանեց, որ ոչ մի բան չգիտի հայկական ջազի մասին, այդուհանդերձ, հայկական աշխարհի հետ իրեն ամուր կապեր են կապում։

«Կատարել եմ Շառլ Ազնավուրի երգերը, գիտեմ հայ դաշնակահար Տիգրան Համասյանի մասին։ Գիտեմ Հայոց ցեղասպանության մասին և կիսում եմ այդ ցավը։ Երբ իմացա Yerevan Jazz Fest–ին մասնակցելու հնարավորության մասին, շատ ուրախացա», – ասաց Բրիջուոթերը։

Նրա կարծիքով` «հայերն ամենուր են»։ Նրանք ինքնահաստատման կարիք չունեն, պարզապես անում են այն, ինչ պետք է անեն։

Yerevan Jazz Fest-2016–ն իր ծավալով, հնչեղությամբ և մասնակիցների քանակով կգերազանցի նախորդ տարվան և կնվիրվի GRAMMY–ի մրցանակակիր Ջորջ Ավագյանին, ով եղել է Մայլզ Դևիսի, Լուի Արմսթրոնգի և Կիտ Ջարետի պրոդյուսերը: