03-03-2015 11:41

ՀՀ զինանշանում բացակայում է ազգային ոգին, այն պետք է փոխել. արվեստագետներ

Այսօր հրավիրված  մամուլի ասուլիսի ընթացքում քանդակագործ Ֆերդինանդ Առաքելյանը համոզմունք հայտնեց, թե ՀՀ գերբը լավը չէ և նշեց, որ այն կազմվել է մեկ օրվա ընթացքում, ՀՅԴ պատվերով և մեկ տարվա համար, թեև ստացվել է հավերժ: 
«Ինձ մոտ տպավորություն է, որ այն գազանանոցի համար է նկարված, յոթ-ութ հատ գազան կա մեջը»,-ասաց նա և նշեց, որ գերբի մեջ պետք է զգացվի ազգային հավաքական ուժը:
«Ես կողմ եմ փոխելուն, որովհետև այստեղ չկա ազգային ոգին: Ես այս գերբում չեմ տեսնում այն ազգին, որը սայլերով քարեր է տարել՝ տաճարներ սարքել, որոնք մինչ այսօր կանգուն են, չեմ տեսնում մայրերի ուժը, որ մագաղաթը շալակած բերել են, չեմ տեսնում խորհրդավոր երդիկը, որից ծխում է դուրս գալիս և չի հանգչում»,-ասաց նա և նշեց, որ ընդունված գերբում կա միայն նկարչություն:
Անդրադառնալով հիմնին՝ քանդակագործն ասաց, որ այն ևս պետք է փոխվի. «Հիմնը խեղճ է, իջնում է ներքև, այն ևս պետք փոխել, կոմպոզիտորները դրա մասին պետք է մտածեն»:

Ասուլիսին ներկա «Կարին» ավանդական երգի-պարի խմբի հիմնադիր և գեղարվեստական ղեկավար Գագիկ Գինոսյանն էլ գտնում է, որ 88 թվականի և այժմյան հասարակության մակարդակի մեջ շատ մեծ տարբերություն կա: Նա գտնում է, որ հիմնը և գերբը փոխելու համար պետք է ազգային նկարագիր ունեցող մասնագետների խումբ ձևավորվի: