13-03-2014 12:27

«Այսօր պոեզիայի, գրականության մեծ տոն է».գրականագետ

Այսօր հրավիրված մամուլի ասուլիսում չարենցագետ Դավիթ Գասպարյանն ասաց. «Այսօր պոեզիայի, գրականության մեծ տոն է: Մշտապես այս օրը պետք է պահպանենք»,-նկատի ունենալով Եղիշե Չարենցի ծննդյան օրը: Այսօր լրանում է մեծանուն բանաստեղծի 117-ամյակը: Գրականագետը նաև նշեց, որ այս տարի լրանում է Չարենցի առաջին գրքի՝ «Երեք երգ տխրադալուկ աղջկան» բանաստեղծությունների ժողովածուի լույս ընծայման 100-ամյակը:
«Ե. Չարենցը բարդ կերպար է, նրա ստեղծագործական կյանքը տևել է 25 տարի, բայց ամեն մի շրջանում նա տարբեր կերպարներով է հանդես եկել»,-ասաց Դ. Գասպարյանը: Վերջինիս համոզմամբ՝ մեր ընթերցողը կառչած է մնում Չարենցի մի կերպարին, որին ծանոթ է: «Ժամանակն է, որպեսզի Չարենցին ամբողջական ճանաչենք իր բոլոր դրսևորումներով, իր անցած ճանապարհի բոլոր կողմերով»,- ասաց բանախոսը: Բանախոսի խոսքով՝ չկա մի հեղինակ, որ այդքան հետաքրքրություն առաջացնի, որքան Չարենցը, քանի որ նրա տաղանդը հզոր էր, անսպառ էր, նրա կերպարի շուրջ անընդհատ բացահայտումներ են լինում:«Անսահման խորն է նրա պոեզիան ու բազմազան: Նրա պոեզիան որքան դեպի Աստված էր գնում, այնքան դեպի տիեզերքն էր խորանում»,- ասաց գրականագետը: «Մենք, ինչպես ասում էր Չարենցը, «Շատ ենք անփույթ մեր հանճարի հանդեպ», շատ»,- եզրափակեց չարենցագետն ու ավելացրեց «Այսօր երիտասարդ չարենցագետների կարիք կա»: