Բավ է պառակտվել
23-12-2016 14:33

Ի՞նչ է խորհրդանշում ավանդական ամանորյա սեղանը Հայաստանում. մեկնաբանում են փորձագետները

Նոր տարին իր մեջ վերածննդի և ինչ-որ նոր բանի գաղափար է կրում, իսկ տոնական ամանորյա սեղանը, առանց որի Հայաստանում հնարավոր չէ պատկերացնել այս տոնը, պետք է համապատասխանի հայկական լավագույն ավանդույթներին. Այսպես են գտնում լավագույն խոհարարները:


« Նոր տարվա գլխավոր իմաստը ինչ-որ նոր բանի սկիզբն է: Այսինքն տիեզերքը մեզ հնարավորություն է տալիս, որ ամեն ինչ նորից սկսնք: Ամանորի բերած ուրախությունը գալիս է նրանից, որ դու կարող ես անցյալում թողնել այն վատ բաները, որոնք եղել են անցնող տարում, և որոշում կայացնես ինչ-որ բան փոխել քո կյանքում: Փոխելով քեզ՝ դու կկարողանաս փոխել ողջ աշխարհը»,- ուրբաթ օրը լրագրողների հետ հանդիպմանն այս մասին է ասել խոհարար- բանահավաք Սոնյա Թաշչյանը: Նրա խոսքերով ամանորյա սեղանը Հայաստանում հնուց ի վեր շատ առատ է եղել, իսկ ավանդական հայկական ուտեստներն իրենց մեջ կրել են ամենատարբեր սիմվոլներն ու գաղափարները:


«Տարեհացը» (ամանորի հացը, որի մեջ մետաղադրամ են դնում), որը Հայաստանում պատրաստում էին դեռ նախաքրիստոնեական ժամանակներում, նախատեսված էր գուշակություն անելու համար: Նրան, ում բաժին կհասներ «Տարեհաց»-ի մետաղադրամով կտորը, հաջողություն էր սպասվում գալիք տարում: Նմանատիպ գուշակությունները վկայում են նոր տարում կյանքը փոխելու ցանկության և պատրաստակամության մասին»,- նշել է Թաշչյանը:
Նա նաև ընդգծել է, որ Նոր տարվա ճաշատեսակների առաջին և հիմնական նպատակը՝ Աստծուն և բնությանը շնորհակալություն հայտնելն է:

«Պասուց տոլման» (պասի տոլման), պատրաստում են այն ձավարեղենից և սերմերից, որոնք Արարիչը տնկում է գարնանը: «Պասուց տոլմա»-ի մեջ մրգերից պատրաստված չրերի առկայությունը հիշողություն է անցած տարվա բերքի մասին»,- նշել է Թաշչյանը:
Չորացված մրգերը հանդիսանում են նաև «Անուշապուր» կոչվող մեկ այլ ավանդական հայկական ճաշատեսակի հիմնական բաղադրիչ: Խոհարարի խոսքերով հնուց ի վեր հյուր գնալիս մարդիկ որպես նվեր իրենց հետ «Անուշապուր» էին տանում՝ ներկայիս քաղցրավենիքների փոխարեն:
Հայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման ՀԿ նախագահ Սեդրակ Մամուլյանն էլ իր հերթին խորհուրդ է տալիս ամանորյա տոնական սեղանին նախապատվությունը տալ հայկական ավանդական, տոնա-ծիսական ուտեստներին:
«Հայկական մշակույթը հազվագյուտ մշակույթներից է, քանզի նրանում դեռևս պահպանվել են տոնա-ծիսական ուտեստներն ու ավանդույթները: Իմ մասնագիտական գործունեության ողջ ընթացքում ես չեմ հանդիպել մեկ ուրիշ ժողովրդի, որը պատրաստեր խաղաղությունը խորհրդանշող ճաշատեսակ:

Հայկական «Կաշիկա» ճաշատեսակը (մսով ցորենի շիլա), որը հարիսայի տարատեսակներից մեկն է, պատրաստում են Ամանորին, որպեսզի ողջ աշխարհում խաղաղություն լինի»,- նշել է Մամուլյանը:

Նա ընդգծել է, որ հայկական ամանորյա այնպիսի ուտեստները, ինչպիսին են «Անուշապուր»-ը, «Թանապուր»-ը և կաթնամթերքից պատրաստված այլ ուտեստները, ո՛չ միայն խոր իմաստ են պարունակում իրենց մեջ, այլ նաև շատ օգտակար են օրգանիզմի համար:
Մամուլյանի խոսքերով տոնական սեղանի զարդ կարող է դառնալ ո՛չ միայն բոլորիս կողմից սիրված տոլման, այլ նաև օրինակի համար « Ամիչ»-ը՝ լցոնած հնդկահավը, որը հանդիսանում է Կիլիկիայի հայկական թագավորության իրապես թագավորական ուտեստ: Սակայն գալիք Հրեղեն Աքաղաղի տարում խորհուրդ չի տրվում ամանորյա սեղանին թռչնամիս դնել: