20-03-2014 23:21

Բրիտանական խորհուրդը Հայաստանում կկազմակերպի Շեքսպիրի ծննդյան 450-ամյակին նվիրված մրցույթ

Այս տարի ողջ աշխարհում կազմակերպվում են բոլոր ժամանակների մեծագույն դրամատուրգ Շեքսպիրի ծննդյան 450-ամյակի նվիրված միջոցառումներ: Բրիտանական խորհրդի հայաստանյան մասնաճյուղը ևս անմասն չի մնում և կազմակերպում է «Իմ Շեքսպիրը» մրցույթը:Մայրաքաղաքի և մարզերի 7 դպրոցի (ԱՅԲ դպրոց, Հակոբ Օշականի անվան թիվ 172 դպրոց, Նաիրի Զարյանի անվան թիվ 130 դպրոց, «Հայաստանում ֆրանսիական քոլեջ» հիմնադրամ, «Հայ կրթություն» կրթական հիմնադրամ, Ա. Չեխովի անվան թիվ 55 դպրոց և Տավուշի մարզի Զորական գյուղի դպրոց) 56 աշակերտներ կմրցեն Շեքսպիրի մասին իրենց գիտելիքներով: Մրցույթի ընթացքում կհնչեն հարցեր Շեքսպիրի կյանքից և ստեղծագործություններից, ինչպես նաև աշակերտները կներկայացնեն Շեքսպիրի պիեսների բեմադրությունները`ժամանակակից մեկնաբանմամբ: Աշակերտներին կգնահատեն Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպան Քեթի Լիչը, Բրիտանական խորհրդի հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Արևիկ Սարիբեկյանը, ԵՊՀ դասախոս և Օքսֆորդի շրջանավարտ Անի Կոջոյանը և Երեւանի Հովհաննես Թումանյանի անվան տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանը: Հաղթող թիմի մասնակիցները կստանան eReader-ներ: Բոլոր մասնակիցները կստանան խրախուսական մրցանակներ, իսկ դպրոցների գրադարաններին Բրիտանական խորհուրդը կնվիրի Շեքսպիրի «Համլետ» պիեսի հայերեն թարգմանությունը:
Շեքսպիրի 450-ամյակն ապրիլի 23-ին մեծ շուքով կնշվի Ստրեդֆորդ քաղաքում և կշարունակվի մինչև ապրիլի 27-ը: Անգլիացի մեծագույն դրամատուրգի ծննդյան օրը յուրաքանչյուր տարի նշվում է Շեքսպիրի ծննդավայրում: Առաջին անգամ Ստրետֆորդում Շեքսպիրի ծննդյան օրը նշվել է 1824 թվականին և այս ավանդույթը շարունակվում է մինչ օրս:
Այս տարի ծննդյան տոնակատարություններին մասնակցելու համար Ստրետֆորդ կժամանեն դերասաններ, արվեստագետներ, շեքսպիրագետներ և դեսպաններ ողջ աշխարհից: