17-05-2016 14:33

Պահանջում ենք չեղյալ հայտարարել Եվրատեսիլի արդյունքները

Արթուր Հովհաննիսյանի նախաձեռնած պահանջագրի տակ արդեն ավելի քան 200 հազար մարդ է ստորագրել: Արթուր Հովհաննիսյանը ստորագրահավաք է նախաձեռնել և պահանջում է վերանայել «Եվրատեսիլ 2016» մրցույթի արդյունքները։ Նրա նախաձեռնությանն աջակցել են եվրոպական երկրների բնակիչները, որոնց զայրացրել է այն հանգամանքը, որ «Եվրատեսիլ 2016»-ի արդյունքները թելադրված են եղել «քաղաքական շահերով»: Change.org կայքում հրապարակված պահանջագրի տակ այս պահին արդեն 212257 մարդ է ստորագրել։ Մադրիդի բնակիչ Քրիստիան Գարիդոն նույնպես պահանջագիր է ներկայացրել Change.org-ում և Իսպանիային հորդորել է հրաժարվել «Եվրատեսիլ 2017»-ի մասնակցությունից։ OpenPetition պորտալի գերմանացի օգտատերերը նույնպես կոչ են արել դադարեցնել Գերմանիայի մասնակցությունը։ Պահանջագրերից մեկի հեղինակի խոսքով` այդ մրցույթն անցկացվում է ոչ թե գեղարվեստական մակարդակով, այլ միայն արտացոլում է քաղաքական տրամադրությունները։ «Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթում Հայաստանը ներկայացնող Իվետա Մուկուչյանը ներկայացավ LoveWave երգով և զբաղեցրեց 7-րդ հորիզոնականը: Առաջին հորիզոնականը զբաղեցրեց Ուկրաինայի ներկայացուցիչ Ջամալան։ Մրցույթի եզրափակիչ փուլին մասնակցեց 26 երգիչ` երկու կիսաեզրափակիչների հաղթողները, ինչպես նաև մրցույթն ընդունող երկրի՝ Շվեդիայի և «մեծ հնգյակի» երկրների ներկայացուցիչները (մրցույթի հիմնադիրներ և գլխավոր հովանավորներ՝ Մեծ Բրիտանիա, Գերմանիա, Իսպանիա, Իտալիա և Ֆրանսիա)։ Հայաստանը «Եվրատեսիլ» մրցույթին մասնակցում է 2006թ.-ից: Լավագույն արդյունքները ցույց են տվել երգչուհի Սիրուշոն 2008թ.-ին (չորրորդ տեղ) և Արամ MP3-ն 2014թ.-ին (չորրորդ տեղ):