Բավ է պառակտվել
27-10-2015 09:52

«Բերդը» կարող է ներառվել Գինեսի ռեկորդների գրքում

«Բերդը» կարող է համաշխարհային ռեկորդ դառնալ և գրանցվել Գինեսի գրքում, համապատասխան հայտն արդեն ներկայացվել է Գինեսի ռեկորդների գրքի աշխատակիցներին։ Մոսկվայում բնակվող հայ երիտասարդների բերդը Մոսկվայի հայ երիտասարդների ասոցիացիան է։ Մոսկվան ընդհանուր մայրաքաղաք էր համարվում ԽՍՀՄ–ում ապրող բոլոր ժողովուրդների, այդ թվում` հայերի համար։ Հայկական սփյուռքը մեծ դեր է խաղացել քաղաքի կայացման և զարգացման գործում։ Մոսկվայում հային «հոգեհարազատ» մի շարք փողոցներ կան` Հայկական նրբանցքը, Արմավիրի փողոցը, Հալաբյան, Խաչատրյան, Կոշտոյանց փողոցները…

Իզուր չէ, որ Մոսկվայի տարածքում կողք–կողքի գործում են մի շարք կազմակերպություններ` ստեղծված ինչպես խորհրդային, այնպես էլ հետխորհրդային շրջանի մոսկվայաբնակ հայերի կողմից։ Ու թեև Մոսկվայում մեծաթիվ հայեր են բնակվում, այնուհանդերձ հայ ուսանողներին միավորող միասնական կազմակերպություն չկար, որը թույլ չէր տա երիտասարդությանը մոռացության մատնել իր արմատները։ Սա էր հենց այն հիմնական պատճառը, որ ստեղծվեց Մոսկվայի հայ երիտասարդության ասոցիացիան` ՄՀԵԱ–ն։ Տասներկու ուսանողական միավորումների ուժերով 2011 թվականի մարտի 3-ին ՄՀՄՊԻ–ում (միջազգային հարաբերությունների Մոսկվայի պետական ինստիտուտ) հիմնադրվեց ՄՀԵԱ–ն։ Ասոցիացիան գործունեության չորս տարիների ընթացքում կարողացել է ամուր կապեր ստեղծել Մոսկվայի բոլոր երիտասարդական կազմակերպությունների հետ, ընդլայնել համագործակցությունը։ ՄՀԵԱ–ի կազմակերպած մեծածավալ նախաձեռնություններից մեկը դարձավ «Բերդ» պարը, որը Հայաստանի անկախության օրվա կապակցությամբ սեպտեմբերի 20-ին կազմակերպվել էր Հեղափոխության հրապարակում։ Պարը կարող է համաշխարհային ռեկորդ դառնալ և գրանցվել Գինեսի գրքում, համապատասխան հայտն արդեն ներկայացվել է Գինեսի ռեկորդների գրքի աշխատակիցներին։ Ասոցիացիայի նախագահ Անդրանիկ Հովսեփյանը կարծում է, որ Ռուսաստանում հայ երիտասարդությունը մեծ ներուժ ունի, պետք է միայն ճիշտ ուղու վրա դնել։ Անդրանիկ Հովսեփյանը պատմում է, թե ինչպես են կարողացել այդքան համերաշխ և ամուր ասոցիացիա ստեղծել` առանց որևէ ֆինանսական աջակցության։ Ըստ նրա`գաղտնիքը մարդկանց մեջ է։ ՄՀԵԱ–ի փոխնախագահ Էդմոնդ Բաղդասարյանը բացահայտում է գաղտնիքը. «ՄՀԵԱ–ի ներկայացուցիչները երեք կարևոր առանձնահատկություն ունեն` ինտելեկտուալ բարձր մակարդակ, առավելագույն ինքնանվիրում, հայրենասիրություն»։ ՄՀԵԱ–ն սերտորեն համագործակցում է Ռուսաստանի հայ երիտասարդության կոնգրեսի հետ։ Ու թեև փոքր Հայաստանի ներսում հայերը շատ են տարբերվում, ինչպես բարբառներով, այնպես էլ վարքագծով, հսկա Ռուսաստանում հայկական սփյուռքը շատ չի տարբերվում։ Կարևոր չէ, որտեղի հայերի մասին է խոսքը` Կալինինգրադի, թե Վլադիվոստոկի։ «Ռուսաստանի հայերն այդքան էլ չեն տարբերվում միմյանցից, առավել ևս որ նրանց ճակատագրերն են շատ նման»,– պնդում է Հովսեփյանը։ Մոսկվայի հայ երիտասարդության ասոցիացիան ունի մի շարք ստորաբաժանումներ` Հայկական Լիրա, Ufights տեխնոլոգիաների բանակցային ակումբ, (Dobrovnas) ՄՀԵԱ բարեգործություն, «Վերնատուն» ՄՀԵԱ գրական ակումբ, «Մոնթե» մարտական սամբոյի ակումբ։ «Չի եղել որևէ դեպք, երբ մենք մերժենք որևէ մեկին և օգնության ձեռք չմեկնենք, սակայն այդ գործընթացը մենք դեռ չենք դրել ռելսերի վրա, ես հույս ունեմ, որ մոտ ապագայում մենք կկարողանանք ավելի շատ մարդկանց օգնել», – ասում է ասոցիացիայի նախագահը։ Ինչ վերաբերում է աշխատանքի տեղավորման խնդրին, ապա վերջերս հոկտեմբերի 20-ին ՄՀԵԱ–ն հանդիպում է կազմակերպել «Smart» կադրային գործակալության գլխավոր տնօրեն Գոհար Անանյանի հետ, և նա էլ, իր փորձից ելնելով, պատմել է, ինչպես ճիշտ ինքնակենսագրություն կազմել, ինչպես պահել գործատուի հետ հարցազրույցի ժամանակ և այլն։ «Մենք ծրագրում ենք ավելի կարգավորված համակարգ մշակել մեր հայրենակիցների աշխատանքի տեղավորման հարցում, քանի որ մեր գլխավոր հարստությունը նրանց մեջ եղած ներուժն է, որը հետագայում կնպաստի մեր ժողովրդի և պետության զարգացմանը», –ասում է ՄՀԵԱ–ի փոխնախագահ Էդմոնդ Բաղդասարյանը։ Նշենք, որ ՄՀԵԱ–ն առաջին երիտասարդական կազմակերպությունն է, որն ամեն տարի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված զանգվածային ակցիաներ է կազմակերպում։ 2011 թվականից սկսած` յուրաքանչյուր տարի ապրիլին Ռուսաստանում ապրող հայերի ճնշող մեծամասնությունը հարգանքի տուրք է մատուցում այդ ողբերգական տարեթվի զոհերի հիշատակին։Հաճելի է գիտակցել, որ Մոսկվա եկած հայ ուսանողին օգնության կհասնեն հայրենակիցները։ Առավել հաճելի է իմանալ, որ նրանք կազմակերպված ու կիրթ մարդիկ են, որոնց կողքին լինելով հպարտություն ես զգում ազգիդ համար։