17-09-2014 11:15

Շառլ Ազնավուրը տառերին ու տառատեսակներին նվիրված վեպ է գրում

Աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրը հոկտեմբերին մեկ համերգ կտա Մոսկվայում: «Ես անհամբերությամբ եմ սպասում ռուսո հանդիսատեսի հետ հանդիպմանը: Ռուսաստանը Հայաստանի, Իտալիայի և Իսպանիայի հետ միասին այն երկրներից է, որտեղ ինձ հատկապես հաճելի է գտնվել»,-ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում ասել է Ազնավուրը: «Երբեք չեմ մոռանա իմ առաջին համերգները ԽՍՀՄ-ում 1963-ին: Նախատեսված 30 երգերի փոխարեն ես ստիպված եղա երգել մոտ 60 երգ: Ինձ բազմաթիվ անգամ վերադարձնում էին բեմ, ամեն երգից հետո 5 անգամ: Այդ ժամանակ ես սկսեցի փորձարկումներ անել՝ փոխելով կրկնվող երգերի տեմպն ու ռիթմը: Դա ինձ դուր էր գալիս ու շատ գրավիչ էր»,-նշել է շանսոնյեն: «Ռուսաստանում այս անգամ ևս ես կկատարեմ իմ դասական երգացանկը, չանդրադառնալով նոր երգերիս: Ես արդեն ունեմ ռուսերեն տեքստեր, բայց դեռ ոչ ոք չի թարգմանել դրանց բովանդակությունը, իսկ ես ուզում եմ դրանք իմանալ՝ նախքան ձայնագրելը: Ես շատ ռուսերեն բառեր գիտեմ, բայց առանձին-առանձին և չեմ կարողանում ազատ խոսել ռուսերեն:»,-խոստովանում է երգիչը: «Ինչպես գիտեք, իմ նախնիները սերտորեն կապված էին Ռուսաստանին: Իմ հորական պապը Նիկոլայ Երկրորդի ժամանակներում Թիֆլիսի նահանգապետի խոհարարն էր»,-ասել է Ազնավուրը: Հարցին, թե ի՞նչ բնավորություն է իրեն բաժին հասել տարբեր էթնիկ համայքներից՝ ֆրանսիական, հայկական, թե ռուսական, Ազնավուրը պատասխանում է. «Կարծում եմ՝ դա յուրաքանչյուր ազգի տարբեր տարրերի խառնուրդ է: Ինչպես բոլոր հայերը, ես շատ բարոյական սկզբունքներ, պարկեշտության նորմեր պահպանող մարդ եմ: Ֆրանսիացիների նման ես սիրում եմ շատախոսել, ռուսների նման սիրում եմ զվարճանալ: Այդ խառնուրդն ինձ ամբողջությամբ բավարարում է կյանքում»,-ընդգծել է երգիչը: «Տեքստեր ես գրում եմ ամեն օր՝ աշխատելով առավոտից մինչև կեսօր: Սկզբում միշտ հայտնվում են երգի բառերը, մեղեդին շատ ավելի ուշ է գալիս: Եթե երաժշտությունը չի ստացվում, դիմում եմ կոմպոզիտորներին և մենք միասին մշակում ենք երգը»: «Ես ընդհանուր առմամբ հազար ստեղծագործությունների հեղինակ եմ: Իմ երգերից յոթն, օրինակ, կատարել է Էդիտ Պիաֆը», - ասում է Շառլ Ազնավուրը: «Իմ ձայնը տարիների հետ քիչ է փոխվել, նույնն է, պարզապես տարբեր ժամանակահատվածներում ավելի լավ կամ վատ է դառնում», - հավաստիացնում է աշխարհահռչակ երգիչը: Ի՞նչ է անում Շառլ Ազնավուրը, երբ չի երգում և երգ չի գրում: Նա շատ ֆիլմեր է դիտում, այդ թվում՝ խորհրդային և ռուսական. նա հիանալի տնային կինոթատրոն ունի: Եվ շատ է կարդում: Նրա տան հարմարավետ սենյակներից մեկը գրադարան է: Դարակներում իր սիրելի ֆրանսիացի հեղինակների գրքերն են: «Շատ եմ սիրում կարդալ, ես լավ գրականության հիմքի վրա եմ մեծացել,- ասում է Ազնավուրը,- ինքս էլ ներկայումս վեպ եմ գրում, որը նվիրված է... տառերին եւ տառատեսակներին: Գաղափարը շատ ինքնատիպ է: Բայց պետք է խոստովանեմ՝ գրական ստեղծագործություններ գրելը բոլորովին նման չէ երգ գրելուն: Վեպ գրելը շատ ավելի ծանր աշխատանք է, քան երգը:», - նշում է Ազնավուրը: