Բավ է պառակտվել
21-04-2015 10:33

Թուրքերին պետք է ասել, որ եկել է ճշմարտությունն ասելու ժամանակը.Ազնավուր (լուսանկարներ, տեսանյութ)

Աշխարհահռչակ ֆրանսահայ շանսոնյե, երգահան, գրող, պոետ և դերասան Շառլ Ազնավուրը ռուսական Առաջին ալիքի եթերում հյուրընկալվել է Վլադիմիր Պոզներին։
Շանսոնյեն նշել է, որ ապրիլի 24-ին անպայման գնալու է Երևան՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված միջոցառումներին մասնակցելու։ «Չի կարելի անտեսել այն, ինչ եղել է։ Թուրքերին պետք է ասել, որ եկել է ճշմարտությունն ասելու ժամանակը»,- նշել է նա։


Երգչի կարծիքով՝ թուրքերը հրաժարվում են ընդունել ցեղասպանությունը 2 պատճառով. «Նրանք չեն կարող ընդունել դա որպես փաստ, քանի որ նրանց գլխավոր բառը դա պատիվն է, և դա կարելի է ինչ-որ կերպ հասկանալ։ Սակայն կա նաև մեկ այլ բան՝ մարդիկ շատ են հարստացել այն ամենի հաշվին, ինչ պատկանել է հայերին, իսկ հետագայում այդ մարդիկ հայտնվել են կառավարությունում։ Այսօր այդ մարդիկ արդեն չկան, սակայն այն ժամանակ նրանք եղել են կառավարությունում։ Դա ընդունելը դժվար է։ Ես հասկանում եմ նրանց դիրքորոշումը, սակայն ընդունել դա չեմ կարող»,- հայտարարել է Ազնավուրը։
Ընդ որում՝ անձամբ Ազնավուրը ոչ մի ատելություն չի տածում թուրքերի հանդեպ, և դա նրան սովորեցրել է մայրը, ով Ցեղասպանության ընթացքում կորցրել է ամբողջ ընտանիքը։
Երգիչը բարձր է գնահատել Հռոմի պապի հայտարարությունն այն մասին, որ Հայոց ցեղասպանությունը եղել է 20-րդ դարի առաջին ցեղասպանությունը։ «Հռոմի պապն այն եզակի մարդկանցից է, ովքեր ասում են ճշմարտությունը, աջակցում են ճշմարտությանը՝ անկախ ամեն ինչից, չվախենալով ոչնչից, առանց վախի և նախատինքի»,- նշել է Շառլ Ազնավուրը։