Բավ է պառակտվել
16-05-2014 13:51

Այս տարվա Թանգարանների միջազգային տոնին մասնակցում են նաև Մայր աթոռ Սուրբ Էջմիածնի թանգարանները

1977 թվականին Մոսկվայում տեղի ունեցած թանգարանների միջազգային խորհրդի 11-րդ կոնֆերանսի պատվիրակության նախաձեռնությամբ որոշում ընդունվեց Թանգարանների միջազգային օր հռչակելու մասին, որն ամեն տարի նշվում է աշխարհի գրեթե 150 պետություններում, այդ թվում նաև Հայաստանում:
Ըստ ավանդույթի` այդ առնչությամբ մայիսի 17 -18-ը մեր երկրում հայտարարվում է բաց դռների անվճար օր: Ամեն տարի Մայր աթոռ Սուրբ Էջմիածնի թանգարանները, մասնակցելով Թանգարանների միջազգային տոնին, մեծ հետաքրքություն են առաջացնում այցելուների շրջանում, ասում է Մայր աթոռի թանգարանների և արխիվի տնօրեն Ասողիկ քահանա Կարապետյանը: Դա է պատճառը, որ այս տարի նույնպես եկեղեցու թանգարանները կմասնակցեն տոնին:

Մայր աթոռում այսօր գործում է հինգ թանգարան, սակայն եկեղեցու տարածքում կատարվող շինաշխատանքների հետևանքով գործող 5 թանգարաններից այս տարի Թանգարանների միջազգային տոնին կմասնակցեն երկուսը` Մայր աթոռի թանգարանը, որը հիմնադրվել է 1869 թվականին Գևորգ 4-րդ ամենայն հայոց կաթողիկոսի օրոք և եկեղեցու հարակից տարածքում գտնվող «Ռուբեն Սևակի» թանգարանը, որն այս տարի առաջին անգամն է մասնակցում տոնին:
«Մարդիկ հնարավորություն կունենան տեսնելու այն կտավները, հարուստ ժառանգությունը, որ բարերար Ռուբեն Սևակի եղբորորդին Հովհաննես Չիլինկիրյանը նվիրաբերեց Մայր աթոռ Սուրբ Էջմիածնին», ասում է Ասողիկ քահանա Կարապետյանը:
Մեր եկեղեցիներում երգչախմբերի համերգ կազմակերպելը այնքան էլ տարածված երևույթ չէ, ասում է հոգևորականը և ավելացնում, որ այս տարի Մայր աթոռ Սուրբ Էջմիածնի թանգարանն այցելուներին հնարավորություն կտա ունկնդրել եկեղեցու երգչախմբի երգեհոնային համերգը:« Ներկայացվել են ոչ միայն հայ հոգևոր և դասական ստեղծագործություններ, այլև արևմտաեվրոպական հոգևոր և դասական ստեղծագործություններ»:
Անցյալ տարի թանգարանների միջազգային օրվա շրջանակներում Մայր աթոռի թանգարանն ունեցել է 3000-ից ավելի այցելու: Այս տարի եկեղեցու թանգարանը շեշտը դրել է հոգևոր համերգի վրա, իսկ Ռուբեն Սևակի թանգարանում կկազմակերպվի հայ արվեստին նվիրված փոքրիկ դասախոսություն: Մեսրոպյան Մատենադարնի հետ համագործակցության շրջանակներում Մայր աթոռ Սուրբ Էջմիածնի եկեղեցին այժմ զբաղվում է ձեռագրերի ուսումնասիրությամբ, իսկ հետագայում էլ նախատեսում են թվայնացնել դրանք: