15-05-2014 10:08

Այսօր Աշոտ Ղազարյանը դառնում է 65 տարեկան

Այսօր ՀՀ վաստակավոր արտիստ, դերասան, հումորիստ, սիրված արվեստագետ Աշոտ Ղազարյաին ծննդյան օրն է: Դերասանը դառնում է 65 տարեկան: Աշոտ Ղազարյանը ծնվել է 1949թ. մայիսի 15-ին, Երևանում: Ավարտել է Երևանի Չարենցի անվան միջնակարգ դպրոցը: 1968-73թթ սովորել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտում: 1967-76թթ աշխատել է Երևանի Հ.Ղափլանյանի անվան դրամատիկական և Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական  թատրոններում` որպես դերասան: 1976թ. աշխատել է Հայաստանի պետական էստրադայի «Ուրախ ժամ» համույթում՝ որպես մենակատար, «Ուրարտու» համույթում` որպես կոնֆերանսյե: 1977-78թթ երգել է «Ուրարտու» համույթում: 1979թ. աշխատել է «Հայհամերգ» միավորումում` որպես բեմադրող ռեժիսոր: Եղել է «Միայն ծիծաղ» խմբի և «Նաիրի» համույթի գեղարվեստական ղեկավարը: Նկարահանվել է «Հայֆիլմ» կինոստուդիայի և հայկական հեռուստատեսության մի շարք գեղարվեստական ֆիլմերում և հաղորդումներում: Վաղ տարիքից աշխատել է Հայաստանի Ազգային հեռուստատեսությունում, որի տարեմուտի գրեթե բոլոր երեկոներն անցել են նրա  մասնակցությամբ: Շատ է սիրում երգել: Թողարկել է ձայնասկավառակ: Պարգևատրվել է «Մովսես Խորենացի», «Երևան քաղաքի զինանշան», «Գարեգին Նժդեհ» և «Ֆրիտյոֆ Նանսեն» մեդալներով: 2006թ. ստեղծել է Աշոտ Ղազարյանի հումորի, ծիծաղի և խոսքի դպրոց-ստուդիան: 2006թ. արժանացել է ՀՀ վաստակավոր արտիստի կոչմանը: News.gisher.ru-ն միանում է բոլոր շնորհավորանքների ու բարեմաղթանքներին: