11-11-2015 09:34

Առնոլդ Շվարցնեգերը խաղալու է հնդկական ֆիլմում

Ամերիկացի հայտնի դերասան Առնոլդ Շվարցնեգերը խաղալու է հնդկական ֆիլմում: Օրերս ստորագրվել է համաձայնագիր, ըստ որի դերասանը խաղալու է հայտնի ռեժիսոր Շանկարի նոր մարտաֆիլմում՝ «Ռոբոտ 2»:  Նկարահանումների հրապարակում Շվարցնեգերի մեկ օրվա աշխատանքը գնահատվել է 500 հազար դոլար: Նկարահանումները տևելու են մեկ ամիս: Այսպիսով, բոլիվուդյան կինեմատոգրաֆիստները պետք է Շվարցնեգերին վճարեն 15 միլիոն դոլար: Կինոնկարը ստեղծողները վստահ են, որ գումարն անտեղի չեն կորցնի և նոր ֆիլմը վարձույթում հաջողությունների կհասնի: Շվարցնեգերը մի քանի անգամ արտահայտել է իր սերը դեպի հնդկական կինեմատոգրաֆիան, չի թաքցրել ցանկությունը երբևէ հանդես գալ բոլիվուդյան ֆիլմում: Շվարցնեգերը Հնդկաստան է գնալու դեկտեմբերին, այդ ժամանակ էլ կսկսվի նկարահանումների պրոցեսը: Ֆիլմի պրեմիերան կկայանա մեկ տարուց: