Բավ է պառակտվել
14-08-2015 16:46

Արարատի գագաթին պարել են յարխուշտա և ծածանել 100 մետրանոց եռագույնը (լուսանկարներ)

Հուլիսի 26-ին «Ջահերով վերելք Արարատ լեռան գագաթ» նախագծի անդամները բարձրացել են Արարատ լեռան գագաթը, պարել յարխուշտա, ծածանել 100 մետր երկարությամբ եռագույն դրոշը՝ հաղթահարելով մի շարք դժվարություններ: Վերելքը նվիրվել է Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին:
Ջահերով վերելքին է միացել նաև «Կարին» ազգագրական երգի-պարի համույթը՝ գեղարվեստական ղեկավար Գագիկ Գինոսյանի գլխավորությամբ:

Նախագծի կազմակերպիչը և ջահերով վերելքի մտահաղացումը պատկանում է ամուսիններ Հովհաննես Մարտիրոսյանին և Անուշիկ Սիմոնյանին: 
«Վերելքը սկսել է հուլիսի 26-ին և հուլիսի 29-ին արդեն Արարատ լեռան գագաթին ենք եղել»,-լրագրողների հետ զրույցում պատմելով անցած ճանապարհի մասին, ասաց Հովհաննես Մարտիրոսյանը, նշելով, որ արդեն 14-րդ անգամն է բարձրանում Արարատի գագաթը:


«Հերթական վերելքների ժամանակ մենք ունեցանք բարենպաստ պայմաններ, և այդ ժամանակ գաղափարը ծնվեց, և որոշեցինք, որ այս տարի, երբ նշվում է Հայոց ցեղասպանության 100-ամյակը, անպայման պետք է բարձրանանք»,- նշեց Հովհաննես Մարտիրոսյանը՝ տեղեկացնելով, որ 35 հոգով շուրջ 3 օրում բարձրացել են դեպի Արարատի գագաթը:

Հիմնական խոչընդոտն, ըստ լեռնագնացների, եղել է այն, որ թուրքերի ու քրդերի փոխադարձ կրակոցներից խուսափելու համար ստիպված են եղել այլ ճանապարհներով բարձրանալ: 
Լեռան գագաթը ջահերով բարձրանալու մտահաղացման հեղինակ Անուշիկ Սիմոնյան էլ ասաց, թե քանի որ տարիներ շարունակ ապրիլի 23-ին ջահերով են գնում դեպի Ցեղասպանության հուշահամալիր, որոշել են, որ Ցեղասպանության 100-ամյակին էլ պետք է շարունակել և ջահերով երթը հասցնել Արարատի գագաթին: 
«Կարին» համույթի ղեկավար Գագիկ Գինոսյանն ասաց, թե ձեռք-ձեռքի տված հաղթահարել են բոլոր դժվարությունները և հենց Արարատի գագաթին յարխուշտա պարել:

«Մեր խանդավառությունը, երգն ու պարն ավելի տոկունություն էր տալիս այդ գաղափարին»,-ասաց Գագիկ Գինոսյանը՝ շարունակելով. «Կուզենայի, որ Գևորգ Էմինը կենդանի լիներ և խմբագրեր բանաստեղծությունը, որովհետև այնտեղ ասվում է, թե Մասիս լեռան լանջին պարենք, այնինչ, մենք Արարատի գագաթին պարեցինք»: