18-04-2016 12:06

Իվետա Մուկուչյանը «Եվրատեսիլ-2016»-ում կներկայանա 5 բեք-վոկալների հետ

«Եվրատեսիլ-2016»-ի հայաստանյան մասնակից Իվետա Մուկուչյանը մրցութային «LoveWave» երգը կներկայացնի 5 բեք-վոկալների հետ: Եվրատեսիլյան բեմում մայիսի 10-ին և 14-ին Իվետա Մուկուչյանի հետ միասին ելույթ կունենան երգչուհիներ Մաշա Մնջոյանը, Քրիստինա Մանգասարյանը, Անուշիկ Տեր-Ղուկասյանը, Սոնա Գյուլխասյանը և «LoveWave» երգի երաժշտության համահեղինակ Լիլիթ Նավասարդյանը, ովքեր միասին կստեղծեն երգչախմբի տպավորություն:  Լիլիթ Նավասարդյանը, անդրադառնալով բեք-վոկալների ընտրման գործընթացին, նշում է, որ բավական դժվար ընտրություն է իրականացվել, քանի որ երգում մի քանի բարդ հատվածներ կան, որոնց կատարումը քիչ երգիչներին էր տրվում: «Մեծ դժվարությամբ հավաքել ենք այս 5 աղջիկներին, ովքեր օժտված են շատ լավ ձայնային տվյալներով՝ հարուստ ձայնով, ճիշտ տեմբրով: Իսկ իմ հայտնվելն այս երգում պայմանավորված էր այն հանգամանքով, որ երգի նախնական տարբերակը իմ ձայնով էր արված և բոլորիս ականջում նստած էր այդ տարբերակը»,- նշում է Լիլիթ Նավասարդյանը: «LoveWave» երգի երաժշտության համահեղինակներն են Լևոն և Լիլիթ Նավասարդյանները, խոսքերի համահեղինակները՝ Իվետա Մուկուչյանն ու Սթեֆանի Քրաթչֆիլդը: «Եվրատեսիլ-2016»-ը կկայանա մայիսի 10-ին, 12-ին և 14-ին Ստոկհոլմում: Հայաստանը ելույթ կունենա 1-ին կիսաեզրափակիչ ընթացքում` 7-րդ համարի ներքո: Մրցույթին այս տարի կմասնակցեն 43 պետությունների ներկայացուցիչներ: