Բավ է պառակտվել
03-10-2016 15:07

Արմեն Ջիգարխանյանը դարձավ 81 տարեկան

Այսօր՝ հոկտեմբերի 3-ին, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխանյանը 81 տարեկան դարձավ։ Արտիստը կինոյում ավելի քան 250 դեր է կատարել։ Արմեն Բորիսի Ջիգարխանյանը ծնվել է 1935 թ․ հոկտեմբերի 3-ին Երեւանում։ Դերասանի կինոմատոգրաֆիական գործունեությունը մեկնարկել է 1960 թ․«Обвал» ֆիլմով, բայց հռչակ նրան բերել է Արտեմ Մանվելյանի դերը «Բարեւ, ես եմ» ֆիլմում, որից հետո նա կինոյում նկարահանվելու անթիվ անհամար առաջարկներ է ստացել։

«Եռանկյունի», «Երբ գալիս է սեպտեմբերը», «Անորսալի վրիժառուները» «Տրեստ» օպերացիան», «Հուլիսի վեցը», «Հանդիպման վայրը փոխել չի կարելի», «Կլիմ Սամգինի կյանքը», «Շիրլի Միրլի» «Մոսկովյան արձակուրդներ», «Երեք հրացանակիրներ», «Ռուդն ու Սեմը», «Գլխավոր կոսնտրուկտորը»։ Սա միայն փոքր մասն է այն ֆիլմերի, որոնցում նկարահանվել է դերասանը։ Այսօր էլ Ջիգարխանյանը ամենաշատ նկարահանվող ռուսաստանցի դերասաններից մեկն է։

Նշենք, որ սիրված դերասանին շնորհավոր է նաև ՌԴ մշակույթի նախարար Վլադիմիր Մեդինսկին՝ նրան անվանելով Ռուսաստանի դերասանական արվեստի հայրապետերից մեկը։

«Լինելով հայրենական թատրոնի և կինեմատոգրաֆի հպարտություն` Դուք իրավամբ համարվում եք մեր երկրի դերասանական արվեստի հայրապետը: Բացառիկ տաղանդը, ակնառու խարիզման և հիշվող ձայնը աննկատ չեն թողել Ձեր աշխատանքներից և ոչ մեկը, իսկ դերերի ռեկորդային թիվը, որ դուք մարմնավորել եք Ձեր հարուստ ստեղծագործական կարիերայի ընթացքում, դարձրել են Ձեզ համայն ժողովրդի կողմից սիրված դերասան», - նշվում է ՌԴ մշակույթի նախարարի շնորհավորական ուղերձում:

Մեդինսկին նշել է, որ տարիներ շարունակ Ջիգարխանյանը հաջողությամբ ղեկավարում է դրամատիկական թատրոնը և դաստիարակում դերասանների նոր սերունդներ` դրանով անգին ներդրում կատարելով ողջ ռուսական մշակույթի զարգացման մեջ:

Ջիգարխանյանի թատրոնը ստեղծվել է 1996 թ.-ին` ԿՀՊԻ-ում իր կուրսի շրջանավարտների խմբի հիման վրա: Մոսկվայում թատրոնի փոքր դահլիճի նորոգումից հետո այն պաշտոնապես բացվել է սեպտեմբերի 7-ին: