06-12-2016 18:05

ՀՀ-ն UNESCO-ում տապալել է Ադրբեջանի և Թուրքիայի` հայկական լավաշին «բռնատիրելու» փորձերը

Հայկական պատվիրակությունը UNESCO-ում տապալել է Ադրբեջանի և Թուրքիայի` հայկական հացը` լավաշը, ապօրինաբար յուրացնելու և այն որպես իրենց մշակութային ժառանգության մաս ներկայացնելու փորձերը, այսօր լրագրողներին ասաց ՀՀ ԱԳՆ միջազգային կազմակերպությունների վարչության պետ, Հայաստանում UNESCO-ի ազգային հանձնաժողովի գլխավոր քարտուղար Վահրամ Կաժոյանը:

Կոմիտեի XI նիստը` կապված UNESCO-ի ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանման հետ, տեղի է ունեցել նոյեմբերի 28-ից դեկտեմբերի 2-ը Եթովպիայում: Հայաստանն առաջին անգամ մասնակցել է նիստին որպես Հանձնաժողովի անդամ: 51 հայտերից ընդունվել են միայն 43-ը:

«Տափակ հացի պատրաստման մշակույթի» հայտ են ներկայացրել Իրանը, Թուրքիան, Ղրղըզստանը, Ադրբեջանը և Ղազախստանը: Ընդ որում, հայկական կողմի հայտով երկու տարի առաջ լավաշն արդեն իսկ ներառվել է UNESCO-ի ցուցակի մեջ», - ասաց Կաժոյանը:

«Լավաշ. հայկական ավանդական հացի պատրաստման եղանակը, նշանակությունը և արտաքին տեսքը` որպես մշակույթի արտահայտում» հայկական կողմի հայտը ներկայացվել է UNESCO-ի կողմից կազմվող` մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցուցակում ներառվելու համար և 2014 թ.-ին ընդունվել է փորձագետների կողմից միաձայն և առանց ձևակերպման փոփոխությունների:

Կաժոյանի խոսքով, հայկական պատվիրակությունը սկսել է հայտի հետ կապված ակտիվորեն լրացումներ առաջարկել, որոնց հետ լիովին համաձայնել են Իրանը և Ղազախստանը, սակայն ակտիվ դիմադրել են Թուրքիան և Ադրբեջանը:

«Մեր ձեռքբերումն այն էր, որ հայտում հայտնվել է երկու տարի առաջ լավաշի վերաբերյալ հայկական հայտի հղումը, ինչը նախադեպ է համարվում, ինչպես նաև մատնանշվել է, որ նման հաց թխվում է տարբեր երկրներում», - ասաց Կաժոյանը:

Նա նաև ավելացրեց, որ հայկական պատվիրակությունը ներկայացրել է նաև Թուրքիայի «Հախճապակե և կերամիկ պատկերազարդ սալիկի թուրքական «չինի» արվեստ» հայտի վերաբերյալ իր դիրքորոշումը` հայտարարելով, որ այդ արհեստով ավանդաբար զբաղվել են հայերը:

UNESCO-ի ներկայացուցչական ցուցակը ներառում է հայկական մշակութային ժառանգության արդեն չորս նմուշ: Ավելի վաղ դրանում ներառվել են` դուդուկ հայկական երաժշտական գործիքով կատարումը (2008 թ.), հայկական խաչքարերի սիմվոլիկան և ստեղծման վարպետությունը (2010 թ.) և Սասունցի Դավիթ միջնադարյան հայկական էպոսը (2012 թ.):