02-05-2017 14:37

Հայաստանը վենետիկյան բիենալեում կներկայացնի երեք եզակի ցուցադրություն

Վենետիկում կայանալիք «Viva Arte Viva» խորագրով 57-րդ բիենալեում Հայաստանը կներկայացնի մշակույթի երեք գործիչների աշխատանքների եզակի ցուցադրություններ, այս մասին հայտնել է ՀՀ Մշակույթի փոխնախարար, հայկական պատվիրակության ղեկավար Արև Սամուելյանը:
«Հայաստանը բազմիցս է մասնակցություն ունեցել բիենալեին և մեծ արդյունքների է հասել: Մասնավորապես 2015թ. Հայաստանի ազգային տաղավարը արժանացել էր «Ոսկե առյուծ» գլխավոր մրցանակին և լավագույնն էր ճանաչվել»,- երեքշաբթի օրը լրագրողների հետ հանդիպմանը ասել է Սամուելյանը :
Նա նաև նշել է, որ բիենալեն կընթանա մայիսի 13-ից նոյեմբերի 26-ը:


Հայկական տաղավարի կոորդինատոր Սվետլանա Սահակյանը հայտնել է, որ գեղանկարիչ Ռաֆայել Մեգալը (Մելիքյան) կներկայացնի «Հովազներն իմ ծաղկած այգում» ցուցադրությունը: Չնայած գեղանկարչի երիտասարդ տարիքին, նրա աշխատանքները բազմիցս են ներկայացվել Ֆլորենցիայի, Լոնդոնի, Փարիզի, Նյու Յորքի, Տորոնտոյի լավագույն ցուցասրահներում և արժամացել են բարձր պարգևների:
«Քանդակագործ և նկարիչ Ժան Պողոսյանը, ում ցուցադրությունը կանցնի « Անշեջ կրակ» խորագրի ներքո, անսովոր ձևով է ստեղծագործում: Վրձնի փոխարեն նա կիրառում է զոդալամպ և կրակ: Նրա ստեղծագործություններն աշխարհում ևս հայտնի են»,- ասել է Սահակյանը:


Նրա խոսքերով հայկական տաղավարում ներկայացվելու են նաև հայտնի իտալացի նկարիչ Միրո Պերսոլյաի աշխատանքները, ով կարմիր և կապույտ գույների համադրության շնորհիվ փորձում է ցույց տալ, որ արվեստը սահմաններ չունի: Նրա ցուցադրությունն այդպես էլ կոչվում է՝ «Առանց սահմանների»:
« Բոլոր երեք գեղանկարիչներին էլ միավորում է բնության և մարդու միջև առկա կապը ցույց տալու ցանկությունը»,- ասել է Սահակյանը, ավելացնելով, որ վենետիկյան բիենալեի այս տարվա հիմնական ուղերձը կյանքը և արվեստը միավորելու ձգտումն է: