23-09-2015 11:40

Արմենչիկը միակն է, ով իմաստավորում է մեր մարզահամերգային համալիրի գոյությունը

Տիկինիկային թատրոնի տնօրեն Ռուբեն Բաբյանը այսօր անդրադառնալով ամերիկաբնակ երգիչ Արմենչիկին՝ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի կողմից վաստակավոր արտիստի կոչման շնորհմանը, ասաց. «Միակ անձնավորությունն է, որն իմաստավորում է մեր մարզահամերգային համալիրի գոյությունը, միայն նա է կարողանում «լցնել» համալիրը»: Բանախոսը նշեց, որ այդ կոչումները ստեղծվել են սովետական միությունում, երբ ամրապնդվում էր բռնապետությունը, և որևէ իրական արժեք չեն ներկայացնում: «Հայաստանում առաջին կոչումը 1932թ, ստացավ հայտնի դերասան Ջանանը, որին հետո գնդակահարեցին: Այդ կոչումը նրան չփրկեց: Կոչումները կարծես թե կոչված են մասնագիտական գնահատական տալու համար: Այդպիսի գնահատականները իրականում տրվում են փառատոններին՝ մասնագետներից կազմված ժյուրիի կողմից: Ինչ վերաբերվում է Արմենչիկին, ապա կարելի է ասել, որ պարգևը գտավ իր տիրոջը»: Մշակութային գործչի համոզմամբ, տվյալ երգչին կոչում տալ որոշել են այն մարդիկ, ովքեր իրենց միջոցառումներին, հարսանիքներին հրավիրում են այդ երգիչներին: «Սա մարդկանց համակրանքը վայելելու էժանագին քայլ է»,- ասաց Ռ. Բաբայանը և նշեց, որ 2004թ. Ինքը ևս ստացել է վաստակավոր արտիստի կոչում, այն էլ ապրիլի մեկին, և հումորով է վերաբերվել դրան: Նա ասաց, որ չի հրաժարվել այդ կոչումից, քանի որ դա պարզապես անիմաստ երևույթ է համարում: Մարինե Բարսեղյան