Բավ է պառակտվել
14-03-2016 13:01

Արմեն Ջիգարխանյանը մեկ շաբաթ տանը մնալուց հետո կանցնի աշխատանքի

ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխանյանը դուրս է գրվել հիվանդանոցից և տանը կմնա մեկ շաբաթ` կազդուրվելու նպատակով:  Մոսկվայից այս մասին տեղեկացրեց Ջիգարխանյանի ղեկավարած մոսկովյան դրամատիկական թատրոնի մամուլի ծառայության ներկայացուցիչ Նատալիա Կորնեևան: «Նա դեռ մեկ շաբաթ կմնա տանը և հետո աշխատանքի կանցնի: Ամեն ինչ նորմալ է, նա ոչ մի ինֆարկտ չի ունեցել: Իրականում հետևյալ կերպ է եղել: Նրա կինը հիվանդ է եղել, մրսածություն է ունեցել: Մի շաբաթից նա (Ջիգարխանյանը-հեղ.) ջերմություն է ունեցել, և քանի որ ջերմությունը երեք օր նույն կերպ էր մնում, որոշեցին ստուգել և դերասանը հետազոտություններ անցավ հիվանդանոցում»,-տեղեկացրեց Նատալիա Կորնեևան: Ավելի վաղ հիվանդանոցից «Արմենպրես»-ին տեղեկացրել էին, որ Արմեն Ջիգարխանյանը բժշկական հաստատություն է տեղափոխվել սրտի խնդիրների պատճառով մարտի 5-ին: Սկզբում նա կարդիոլոգիական վերակենդանացման բաժանմունքում էր, հետո տեղափոխել են հիվանդասենյակ: Արմեն Ջիգարխանյանին մարտի 12-ին դուրս են գրել հիվանդանոցից: