25-12-2014 17:25

Առաջարկում են Արարատը գրանցել ՅՈՒՆԵՍԿՕ-ում որպես հայկական ժառանգություն

«Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանն առաջարկել է, որ Հայաստանը պաշտոնապես դիմի ՅՈՒՆԵՍԿՕ-ին՝ Հայկական լեռնաշխարհի ամենաբարձր գագաթ Արարատ լեռը որպես հայկական մշակութային ժառանգություն գրանցելու խնդրով: Այս առնչությամբ «Ժառանգություն» խմբակցության տարածած հաղորդագրությունում նշվում է. 

«Հաշվի առնելով, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակութային ժառանգության պաշտպանության մասին կոնվենցիայի միջկառավարական կոմիտեի ներկայացուցչական ցուցակում մշակութային ժառանգություն ներառելու վերաբերյալ հայտ ներկայացնելու իրավունքը պատկանում է համապատասխան կոնվենցիայի անդամ երկրների կառավարությաններին,

հիմք ընդունելով, որ հայ ժողովրդի բնօրրանի և հազարամյակների ընթացքի խորհրդանիշ Արարատ լեռան շուրջն է ձևավորվել հայկական քաղաքակրթությունը, որի ազդեցությունը մեր մենթալիտետի վրա բացառիկ է, ինչը և հիմք է հանդիսանում, որպես հայկական մշակութային ժառանգություն, ՅՈՒՆԵՍԿՕ-ի համապատասխան ցանկում գրանցում ստանալու համար՝ այսօր ՀՀ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը դիմել է Հայաստանի Հանրապետության վարչապետ Հովիկ Աբրահամյանին՝ առաջարկելով Հայաստանի Հանրապետության կառավարության անունից պաշտոնական հայտ ներկայացնել Միավորված ազգերի կրթության, գիտության և մշակույթի կազմակերպությանը (ՅՈՒՆԵՍԿՕ)՝ մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցուցակում ներառելու Հայկական լեռնաշխարհի ամենաբարձր գագաթ Արարատ լեռը որպես հայկական մշակութային ժառանգություն»: