03-05-2014 15:57

Կոպենհագենում մամուլի ասուլիսին Արամ MP3-ին ներկայացել է ջրահարսի պոչով (տեսանյութ)

Կոպենհագենում կազմակերպված ասուլիսին, «Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթի հայաստանյան մասնակից Արամ MP3-ին ժամանել է ջրահարսի պոչով՝ ասելով, որ առաջին այցն է Կոպենհագեն, և քանի որ Հանս Քրիստիան Անդերսենն իր սիրած գրողներից է, ցանկանում է ցույց տալ, թե որքան շատ է սիրում ջրահարս:

Հարցին, թե ինչ պետք է սպասել նրանից մրցույթի առաջին կիսաեզրափակչին (մայիսի 6-ին), Արամ MP3-ը պատասխանել է, որ կփորձի այս անգամ մարդկանց զարմացնել այն ամենով, ինչ պատրաստել են բեմի հետ կապված: Նրա խոսքով՝ բացի իր վոկալային տվյալներից և երգից, հետաքրքիր տեսանյութեր են լինելու հետևի էկրաններին, ինչպես նաև լուսային շքեղ էֆեկտներ, որոնք կլրացնեն երգը և այն կդարձնեն է՛լ ավելի գեղեցիկ: Պատասխանելով հարցին, թե ինչպես է վերաբերում այն փաստին, որ ինտերնետային քվեարկություններով առաջին տեղում է գտնվում, Արամ MP3-ն ասել է. «Դրանից իմ պատասխանատվությունն է՛լ ավելի է մեծանում, և ես կփորձեմ անել հնարավորը՝ արդարացնելու իմ առաջին տեղում գտնվելը: Իրականում դա ինձ համար շատ հաճելի է, և ինչու չէ, մի փոքր լարվածություն է մտցնում, բայց ես կարծում եմ, որ մինչ ելույթը կհաղթահարեմ այդ լարվածությունը»: