27-01-2016 14:53

«Ոսկե փիղ». Աննա Մելիքյանը հավակնում է «Լավագույն ռեժիսոր» կոչմանը

Ռուսաստանի կինոգետների և կինոքննադատների գիլդիան հրապարկել է «Սպիտակ փիղ» մրցանակաբաշխության հավակնորդներին: Ռուսաստանաբնակ հայազգի ռեժիսոր, սցենարիստ և պրոդյուսեր Աննա Մելիքյանը հավակնում է «Լավագույն ռեժիսոր» կոչմանը «Սիրո մասին» ֆիլմի համար: Այս անվանակարգում ընդգրկված են նաև ռեժիսորներ Ալեքսանդր Ֆեդորչենկոն, Ալեքսանդր Մինդաձեն: Նշենք, որ Աննա Մելիքյանի «Սիրո մասին» ֆիլմը 2015-ին «Կինոտավր» 26-րդ կինոփառատոնի գլխավոր մրցանակին էր արժանացել: Մելիքյանի ֆիլմում նկարահանվել է ռուսական ժամանակակից կինոյի մի ամբողջ աստղաբույլ՝ Ռենատա Լիտվինովան, Եվգենի Ցիգանովը, Յուլյա Սնիգիրը, Ռավշանա Կուրկովան, Մարիա Շալաևան, Ալեքսանդր Բորտիվը և այլք:

«Լավագույն ֆիլմ» անվանակարգում ընդգրկված են Ալեքսանդր Ֆեդորչենկոյի «Հեղափոխության հրեշտակները», Վասիլի Սիգարյովի «Օզ երկիրը», Ալեքսանդր Մինդաձեի «Սիրելի Հանս, թանկագին Պյոտր» ֆիլմերը:
Յուրի Արաբովը, Ալեքսանդր Մինդաձեն և Վասիլի Սիգարյովը հավակնում են լավագույն սցենարիստ կոչմանը:
«Երկրորդ պլանի լավագույն դերասանուհի» անվանակարգում ընդգրկված են Չուլպան Խամատովան, Մարիա Շալաևը, Ռենատա Լիտվինովան, Իննա Չուրիկովան: Օլեգ Յագոդինը և Ալեքսանդր Բաշիրովը հավակնում են «Երկրորդ պլանի լավագույն դերասան»-ի կոչմանը: «Լավագույն դերասանուհի» անվանակարգում առաջադրված են Յանա Տրոյանովան, Իրինա Կուպչենկոն, Յուլյա Պերեսիլդը: «Լավագույն դերասան» անվանակարգում լավագույնի կոչման համար պայքարելու են Ալեքսանդր Յացենկոն, Յակոբ Դիլը, Մարկո Նիկոլիչը, Եվգենի Ցիգանովը: Մրցանակաբաշխությունը կայանալու է փետրվարին: Հստակ օրը դեռևս հայտնի չէ: Մրցանակաբաշխությունը ստեղծվել է 1992 թվականին: