30-12-2013 12:25

Անցնող տարվա մարդկային կորուստները


Անցնող տարին նաև լուրջ կորուստների տարի էր, հայ մշակույթը կորցրեց երախտավոր զավակներ: Հուլիսի 31-ին հայտնի շոումեն, հաղորդավար Մարկ Սաղաթելյանի մահվան լուրը սառը ցնցուղի պես սթափեցրեց գրեթե բոլորին: Դերասանն ընդամենը 41 տարեկան էր: Վերջինսիս հիվանդանոց էին տարել ծանր վիճակում, բժիշկներն ախտորոշել էին սուր լեյկոզ տրոմբոհեմորագիկ սինդրոմ, գլխուղեղի արյունազեղում: Դժբախտությունից չէր անցել երկու օր, թատերասեր հասարակությունը ստացավ ևս մեկ ապտակ՝ օգոստոսի 2-ին կյանքից հեռացավ ՀՀ ժողովրդական արտիստ Ազատ Գասպարյանը: Դերասանը դեռ չէր ոլորել 70 տարին: Նրան հիվադանոց էին տեղափոխել ողնաշարի հետ կապված խնդիրների պատճառով:
Տարվա երկրոդ կեսը կորուստներով հագեցած էր: Սեպտեմբերի 2-ին, 67 տարեկան հասակում քաղցկեղ հիվանդությունից, կյանքից հեռացավ Հայաստանի գրողների միության նախագահ Լևոն Անանյանը: Ընդամենը 24 օր անց՝ սեպտեմբերի 26-ին մահացավ ՀՀ ժողովրդական արտիստ Սոս Սարգսյանը: Վարպետը 83 տարեկան էր:
Ինչպես ասում են, մահը տարիք չի հարցնում` գալիս է միշտ անսպասելի ու դաժան: Նույն սկզբունքով հոկտեմբերի 22-ին, լուսադեմ ավտովթարից կյանքից հեռացավ 30-ամյա դերասան Երվանդ Ենգիբարյանը:
Տարին բազմատեսակ էր, գրանցվեցին և հաջողություններ, և կորուստներ: Հուսանք, որ եկող կապույտ փայտե ձիու տարին երազային, բարեհաճ ու հաջողակ կլինի: