05-05-2014 10:18

ԱՄՆ-ում հրատարակվել է Հայոց ցեղասպանության մասին պատմող գիրք

ԱՄՆ-ում ցեղասպանության դասավանդման նախագիծը վերահրատարակել է «Հայոց ցեղասպանությունը. նյութեր ամերիկյան մամուլից. 1915-1922թթ.» գիրքը: Հաղորդում է «Asbarez»-ը: Գիրքը սկզբնապես խմբագրվել և հրատարակվել է 1980թ.-ին Հայոց ցեղասպանության հարցերով ռեսուրսային կենտրոնի հիմնադիր Ռիչարդ Քլոյանի կողմից:

400 էջից բաղկացած գիրքն իրենից ներկայացնում է «The New York Times» թերթի հոդվածների, ամսագրային պատմությունների, հայոց ցեղասպանության մասին պաժտոնական փաստաթղթերի և ականատեսների վկայությունների ժողովածու՝ այն տեսքով, ինչպես որ դրանք հրապարակվել էին այն ժամանակվա ամերիկյան մամուլում:

«Հայոց ցեղասպանությունը. նյութեր ամերիկյան մամուլից» գիրքը գիտնականների համար կարևոր աշխատանք է հանդիսանում: Քլոյանը մանրամասն ներկայացրել է Հայոց ցեղասպանության թեմայով ընդարձակ ու հարուստ նյութը, որը հավաքվել է ամերիկյան մամուլից հատկապես «The New York Times»-ից: Այդ կերպ նա մեզ հնարավորություն է տվել հասկանալ հայոց ցեղասպանության մասշտաբներն ու լրջությունը պատմական այդ պահին, որը նույնիսկ հարյուր տարի անց մեծ հետևանքներ ունի»,- նշել է գրող, Քոլգեյթ համալսարանի պրոֆեսոր Պատրիկ Բալաքյանը:

«Հայոց ցեղասպանությունը. նյութեր ամերիկյան մամուլից» գիրքը 1915 եւ 1922 թվականների ընթացքում Օսմանյան կայսրությունում թուրքական կառավարության կողմից իրականացված Հայոց ցեղասպանության, պարբերական դեպորտացիաների եւ հայերի ջարդի համոզիչ ժամանակագրություն է: