Բավ է պառակտվել
13-03-2014 19:36

Լոռու մարզի Ս. Գրիգոր վանքը՝ ամենավտանգավոր հուշարձանն է

ՀՀ մշակույթի նախարարության մամուլի ծառայությունից հայտնում են, որ Եվրոպա Նոստրա մշակութային ժառանգության եվրոպական առաջատար կազմակերպությունը և Եվրոպական ներդրումային բանկի ինստիտուտը հրապարակել են 2014 թ. «7 առավել վտանգված» ծրագրում ընդգրկված 11 հուշարձանների և տեսարժան վայրերի նախնական ցանկը: Միջազգային հանձնաժողովի փորձագետների կողմից ընտրված վտանգված հուշարձանների անհետացման ցանկում է հայտնվել նաև ՀՀ Լոռու մարզի Բարձրաքաշ Սուրբ Գրիգոր վանքը:

Եվրոպա Նոստրայի «7 առավել վտանգված» ծրագիրը մեկնարկել է 2012 թ. հունվարին, որի հիմնական նպատակներից էր միևնույն գաղափարի շուրջ միավորել մասնավոր և պետական մի շարք կազմակերպությունների` բացահայտելու ժառանգության պահպանության համար ֆինանսական նոր աղբյուրներ:

2013 թ. Հայաստանը «7 առավել վտանգված» ծրագրին ներկայացրել է Արագածոտնի մարզի Սբ Պողոս-Պետրոս եկեղեցու հայտը, որն էլ մասնակից 21 երկրներից ու ներկայացված 40 հայտերից ընգրկվել էր ծրագրի նախնական ցանկում (14 կոթող): Այնուամենայնիվ, յոթնյակում տեղ գտավ Մարդինի (Արևմտյան Հայաստան, Դիարբեքիրի վիլայեթ, այժմ` Մարդինի վիլայեթի վարչական կենտրոնը) Սբ Գևորգ հայկական եկեղեցին` ներկայացված Թուրքիայի կողմից:

Վերջնական յոթնյակի ընտրությունից հետո Եվրոպա Նոստրայի» ժառանգության փորձագետներից, կազմակերպության անդամներից, ինչպես նաև ֆինանսական ու տեխնիկական մասնագետներից բաղկացած թիմն այցեր է կատարում բոլոր 7 ընտրված վայրերով, որտեղ տեղի մասնագետների հետ միասին անցկացվում են ուսումնասիրություններ և մշակվում են կոթողները փրկելու նախագծեր: