03-05-2014 09:29

Ադրբեջանում զայրացած են ռադիոյով հայկական երգեր հեռարձակելու համար

Ադրբեջանում զայրույթի պատճառ է դարձել ANS ÇM ռադիոկայանի կողմից հեռարձակված հայկական երգերը:

Ինչպես ԱՊԱ-ին հեռուստատեսության եւ ռադիոյի հարցերով ազգային խորհրդի նախագահ Նուշիրավան Մագերրամլին է հայտնել, նրա կողմից ղեկավարվող տեսչությունն արդեն դժգոհություն է հայտնել ANS ÇM ռադիոկայանին` «Qafqaz top 20» երաժշտական ծրագրի շրջանակում հայկական երգերի պարբերական հնչեցման եւ քարոզման առնչությամբ:

Ըստ Մագերրամլիի, տեսչության աշխատակիցը հայկական երգեր եթեր թողարկելու առթիվ ANS ÇM-ի ղեկավարության հետ կապ հաստատելու հրահանգ է ստացել: «Ես հանձնարարել են, որ պարզեն այդ հարցը, եւ որ նմանատիպ հեռարձակումներ այլեւս չկրկնվեն, քանի որ դրանով մարդկանց զգացումների հետ են խաղում: Ցավոք սրտի, ANS ÇM-ի ղեկավարության` մեր աշխատակցին տված պատասխանը մեծ ափսոսանք է հարուցում»,- ասել է պաշտոնյան:

Մագերրամլիի գնահատմամբ, քանի որ Ադրբեջանը եւ Հայաստանը պատերազմական դրության մեջ են, նմանատիպ հարցերի նբկատմամբ հարկավոր է ուշադիր լինել: «ANS ÇM-ի ղեկավարության` «մշակույթը սահմաններ չի ճանաչում» տրամաբանությունը ճշմարտացի չէ: Եթե դրան հետեւելու լինենք, ուրեմն Ադրբեջանում պետք է հայկական ֆիլմեր ցուցադրվեն, հայկական ապրանքներ վաճառվեն, նրանց նկարիչների գործերի ցուցահանդեսներ կազմակերպվեն: Այդ տրամաբանությունը այսօր Ադրբեջանում տիրող իրադրությանը չի համապատասխանում: Աստված տա` երկու երկրների միջեւ պատերազմը Ադրբեջանի հաղթանակով ավարտվի, դրանից հետո թող որքան ուզում են` հայկական երգեր լսեն: Այնպիսի հարցեր կան, որոնք օրենքով են կարգավորվում»,- ամփոփել է նա:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Նախիջեւանում արգելել էին թուրքական երաժշտություն լսել: