Բավ է պառակտվել
13-02-2017 12:00

Ադելը` Grammy մրցանակաբաշխության հաղթահերոս

 

Բրիտանացի երգչուհի Ադելի «Hello» ստեղծագործությունն արժանացել է Grammy–ի «Տարվա երգ» անվանակարգում։ Այս մասին հայտարարվել է Լոս Անջելեսում կայացած մրցանակաբաշխության արարողության ժամանակ։

Այս անվանակարգում մրցանակի համար պայքարում էին նաև Բեյոնսեն` «Formation» երգով, Ջասթին Բիբերը («Love Yourself»), Մայք Պոզները («I Took a Pill in Ibiza») և Lukas Graham դանիական խումբը («7 Years»)։

Այս անվանակարգի մրցանակն ամենահեղինակավորներից մեկն է և ներառվում է մրցանակների այսպես կոչված մեծ քառյակում «Տարվա ձայնագրություն», «Տարվա ալբոմ» և «Լավագույն նոր կատարող» անվանակարգերի հետ միասին։

«Տարվա երգ» անվանակարգի մրցանակը հանձնվում է ստեղծագործության հեղինակներին` ի տարբերություն «Տարվա ձայնագրություն» անվանակարգին, որի դեպքում մրցանակը հանձնվում է երգի կատարողին, ինչպես նաև ձայնագրությանը մասնակցած պրոդյուսերներին և ձայնագրման ինժեներներին։

Տարվա ձայնագրություն

Ադելը նաև արժանացել է Grammy–ի «Hello» ստեղծագործության համար «Տարվա ձայնագրություն» անվանակարգում։

Այս անվանակարգում պայքարում էին Բեյոնսեի «Formation» ստեղծագործությունը, Lukas Graham դանիական խմբի «7 Years», ինչպես նաև Twenty One Pilots խմբի «Stressed Out» ստեղծագործությունն ու Ռիհաննայի և Դրեյքի համատեղ «Work» ստեղծագործությունը։

Տարվա ալբոմ

Բացի այդ, բրիտանացի երգչուհու «25» ձայնասկավառակը ճանաչվել է լավագույնը «Տարվա ալբոմ» անվանակարգում։

Այս անվանակարգում պայքարում էին Բեյոնսեի «Lemonade» ալբոմը, կանադացի ռեփեր Դրեյքի «View» ալբոմը, Ջասթին Բիբերի «Purpose» վերջին ձայնասկավառակն ու ամերիկացի քանթրի ոճի երգչուհի Սթյորջիլա Սիմփսոնի «A Sailor's Guide to Earth» ալբոմը։

Ընդունելով մրցանակը` Ադելը շնորհակալություն է հայտնել Բեյոնսեին, ով, չնայած իր բազմաթիվ մրցանակներին, երբեք չի արժանացել Grammy–ի տարվա լավագույն ալբոմի համար։

Փորձագետները կանխատեսում էին, որ այս տարի մրցանակի կարժանանա հենց Բեյոնսեն։

Այսպիսով, բրիտանացի երգչուհին դարձավ արարողության հաղթահերոսը` մրցանակի արժանանալով միանգամից հինգ անվանակարգերում` «Տարվա ձայնագրություն», «Տարվա երգ», «Լավագույն փոփ–ալբոմ» և «Լավագույն սոլո փոփ–կատարում»։