Բավ է պառակտվել
23-01-2017 11:30

Հակառակորդի արձակած կրակից Արցախում զինծառայող է զոհվել

Ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում հակառակորդի արձակած կրակի արդյունքում պայմանագրային զինծառայող է զոհվել. Այս մասին հայտնում են ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունից:
«Հակառակորդի կողմից հրադադարի ռեժիմի խախտման արդյունքում ՊԲ արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, մահացու վիրավորում է ստացել պայմանագրային զինծառայող, 1995թ. ծնված Կարեն Մարատի Ուլուբաբյանը»,- ասված է հայտարարության մեջ:
Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:
«ԼՂՀ պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը հայտնում զոհված զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին»,- նշել են գերատեսչությունից:
Պաշտպանության նախարարությունը հաղորդում է, որ հունվարի 22-ին և լույս 23-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 55 անգամ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով շուրջ 430 կրակոց:
«Սահմանի արևելյան ուղղությամբ ադրբեջանական զինուժը առավել ինտենսիվ կրակ է վարել դիպուկահար հրացաններից (92 կրակոց), ինչպես նաև կիրառել է 82 միլիմետրանոց ականանետ (2 արկ)»,- հայտնել են գերատեսչությունից:
Պաշտպանության նախարարությունից ընդգծել են, որ հակառակորդի նախահարձակ ակտիվությունը ճնշելու համար ՊԲ առաջապահ զորամասերը դիմել են պատասխան գործողությունների և շարունակել իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը: