14-07-2017 14:13

ԵՄ երկրները պետք է ճանաչեն Արցախի անկախությունը. Եվրախորհրդարանական

Եվրոպական Միության երկրները պետք է առաջինը սկսեն Արցախի անկախության ճանաչման գործընթացը. Նման կարծիք է հայտնել երվրախորհրդարանի չեխ պատգամավոր Յարոմիր Շտետինան:


Խոչընդոտներ ճանաչման ճանապարհին
«Արցախն արդեն 20 տարուց ավելի առանձին պետություն է հանդիսանում, չնայած որ այն չի ճանաչվել նույնիսկ Հայաստանի կողմից: Չնայած դրան Արցախն իր քաղաքականությունը, դեմոկրատական համակարգն ու հաջող տնտեսությունն ունի: Այդ պատճառով ժամանակն է սկսել Արցախի ճանաչման գործընթացը: Եվ հարկավոր է այնպես անել, որպեսզի դա առաջինն անեն եվրոպական պետությունները»,- ասել է նա «Ժողովուրդ» օրաթերթին տված հարցազրույցում:
Շտետինայի խոսքերով, ԵՄ-ի կողմից մինչ այժմ Արցախի չճանաչման հիմնական պատճառը Ադրբեջանի հետ առևտրային հարաբերություններ հաստատելու ցանկությունն է:
«Գիտեք, Հայաստանը հարուստ հակառակորդ ունի՝ Ադրբեջանը: Եվ նրա հետ շատերն են ուզում առևտրային հարաբերություններ ունենալ: Եվ դա նրանց համար շատ ավելի կարևոր է, քան Արցախի բնակիչների իրավունքները»,-նշել է նա:

Պատմական ճշմարտություն
Եվրախորհրդարանի պատգամավորը կարծում է, որ տվյալ հարցում պատմական ճշմարտությունը Հայաստանի և Արցախի կողմն է:
«Իհարկե այդ կոնֆլիկտը հարկավոր է լուծել խաղաղ ճանապարհով և որքան հնարավոր է շուտ: Չէ որ անմեղ մարդիկ են զոհվում՝ ինչպես ադրբեջանցիներ, այնպես էլ հայեր: Ես կարծում եմ, որ պատմական ճշմարտությունը Արցախի և Հայաստանի կողմից է:
Եվ եթե այս հարցում նրանց չաջակցեն, դա կնշանակի չընդունել Հարավային Կովկասի բաժանումը»,- ասել է նա:

Ռուսաստանի կողմից զենքի վաճառք Ադրբեջանին
Շտետինան անդրադարձել է նաև Ռուսաստանի կողմից Ադրբեջանին մատակարարվող զինամթերքին:
« Պետք է հաշվի առնել, որ ոչ միայն Ադրբեջանն է նոր տեխնիկա գնում: Հայաստանը ևս զինվում է և այդ հարցում վայելում է Ռուսաստանի աջակցությունը:Եվ այն տեխնիկան, որ ցուցադրվեց Հայաստանի կողմից (զորահանդեսի ժամանակ)՝ այդ աջակցության վկայությունն է,- ընդգծել է պատգամավորը: