Բավ է պառակտվել
18-10-2016 13:47

ԼՂ-ին «ինքնավարության կարգավիճակ» տալու Ալիևի հայտարարությունը ծիծաղ է առաջացնում. Բաբայան

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հայտարարությունները, թե իրենք պատրաստ են Լեռնային Ղարաբաղին ինքնավարության կարգավիճակ տալ, հերթական անգամ ցուցադրում են, թե Բաքուն որքան պատրաստ չէ համապարփակ եւ երկարաժամկետ կարգավորմանը։ Այս մասին ասել է ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը՝ մեկնաբանելով Ալիեւի տված հարցազրույցը, որում նա հայտարարել էր, թե պատրաստ է Լեռնային Ղարաբաղին «ինքնավարության կարգավիճակ շնորհել»։

«Կարելի է ասել, որ «առաջընթաց» կա։ Եթե Ալիեւն առաջ խոսքով եւ գործով գործադրում էր բոլոր ջանքերը, որպեսզի ոչնչացնի Լեռնային Ղարաբաղը, ապա հիմա նա արդեն խոսում է ինքնավարությունից։ Եթե նման դինամիկան շարունակվի, ապա մի քանի ամսից Ալիեւը կարող է ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը։ Դա ամենաադեկվատ քայլը կլիներ»,– ասել է Բաբայանը՝ հավելելով, որ Ալիեւի ներկայիս հայտարարությունը ապակառուցողական բնույթ է կրում եւ միայն ծիծաղ ու խղճահարություն է առաջացնում։

«Ինչ վերաբերում է ինքնավարությանը, ապա Ադրբեջանի իշխանությունները լավ կանեին ինքնավարություն տային այդ երկրում ապրող ազգային փոքրամասնություններին՝ թալիշներին, ավարներին, լեզգիներին, թաթերին եւ այլ ազգություններին, ընդ որում, դա անել նախքան իրավիճակը մեծամասշտաբ բախման կվերածվի։ Մինչդեռ այդ ազգություններն ապրում են ուժեղ ճնշման տակ եւ գրեթե համակենտրոնացման ճամբարների պայմաններում»,– ասել է Բաբայանը։