08-05-2017 10:50

Ստեփանակերտը հայտնում է Ադրբեջանի հետ շփման գծում լարվածության աճի մասին

Մայիսի 6-ին, 7-ին և լույս 8-ի գիշերն արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում նկատվել է լարվածության աճ, այս մասին հայտնում են Արցախի ՊՆ մամուլի ծառայությունից:
«Հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 160 անգամ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով ավելի քան 2600 կրակոց»,-ասված է հաղորդագրության մեջ:
Պաշտպանական գերատեսչությունից հայտնել են, որ Ադրբեջանական զինուժը շփման գծի արևելյան ուղղությամբ կիրառել է նաև 60 միլիմետրանոց ականանետ (7 արկ) և հաստոցավոր ավտոմատ նռնականետ (7 արկ):
«Այս պահի դրությամբ իրադրությունն առաջնագծում հարաբերական հանգիստ է։ Պաշտպանական բանակի առաջապահ զորամասերը լիակատար վերահսկողություն են պահպանում առաջնագծում և շարունակում իրականացնել մարտական դիրքերի հուսալի պահպանություն»,- նշված է հաղորդագրության մեջ:
Նախօրեին երեկոյան, Հայաստանի Պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը հայտնել է, որ 22.00 սահմաններում Ադրբեջանը կրակ է բացել սահմանի Տավուշի մարզի տարբեր հատվածներում: