16-05-2017 12:40

Ստեփանակերտը Ադրբեջանի հրթիռային հարվածը ահաբեկչության հերթական դրսևորում է որակել

Արցախի Հանրապետության նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը մեկնաբանել է Ադրբեջանի երեկվա սադրանքը, որը Ղարաբաղի հետ շփման գծում կառավարվող հրթիռ էր կիրառել:
Երկուշաբթի օրը Արցախի ՊՆ-ն հայտնել էր ադրբեջանական զինուժի հերթական սադրանքի մասին, որը կառավարվող հրթիռով հարված էր հասցրել ԼՂՀ ռազմական օբյեկտներից մեկին:
« Սա ահաբեկչության հերթական դրսևորում է: Ապրիլյան պատերազմից հետո նման դեպքեր չէին եղել, բայց մենք, ի ուրախություն, միջադեպի արդյունքում չունենք ո՛չ մարդկային զոհեր, ո՛չ տեխնիկայի կորուստներ: Վնասված տեխնիկան մարտական չի եղել»,- ասել է Բաբայանը:
Նա ընդգծել է, որ Ադրբեջանի նման քաղաքականությունը ահաբեկչության լկտի դրսևորում է:
« Ադրբեջանական կողմը այդ ահաբեկչական ագրեսիան չի ուղղում միայն Արցախի կամ Հայաստանի դեմ, մենք վստահ ենք, որ դա մարտահրավել է ողջ միջազգային հանրությանը»,- հավելել է Բաբայանը:
Նրա խոսքերով, Ադրբեջանի ջանքերով տարածաշրջանի բոլոր երկրներում ԵԱՀԿ գրասենյակների փակումը ևս մի ահաբեկչական ակտ է միջազգային հանրության և ԵԱՀԿ Մինսկի Խմբի հանդեպ:
Հայաստանը Հարավային Կովկասի միակ երկիրն է, որտեղ 1999թ. հուլիսին Կազմակերպության մշտական խորհրդի որոշմամբ վերջին տարիներին գործել է ԵԱՀԿ գրասենյակ: 2000թ. Բաքվում բացված գրասենյակն իր գործունեությունը դադարեցրեց 2015թ. հունիսի 4-ին:
Թբիլիսիում 1992թ. բացված ԵԱՀԿ առաքելության մանդատը լրացավ 2008թ. դեկտեմբերի 31-ին: Բաքվի ապակառուցողական դիրքորոշման պատճառով մոտ ամիսներին կփակվի նաև կազմակերպության Երևանյան ներկայացուցչությունը:
« Արդեն ժամանակն է, որ միջազգային հանրությունը նման երևույթներին ադեկվատ արձագանք տա: Այդ պասիվ արձագանքը, կամ գրեթե դրա բացակայությունը հանգեցրին այն բանին, որ Ադրբեջանն այսօր իրեն այսքան լկտիաբար է պահում: Եվրոպական առաջին Օլիմպիական խաղերն անցկացվում են Բաքվում՝ մի պետությունում, որն աշխարհագրորեն Եվրոպայի մաս չի հանդիսանում, իսկ քաղաքական մշակույթի տեսանկյունից ընդհանրապես ֆեոդալական է, բայց չնայած դրան, այնտեղ նման միջոցառում և տարատեսակ միջազգային ֆորումներ են անցկացվում»,- ընդգծել է Բաբայանը:
Նա նշել է, որ այդ ամենը հանգեցնում են այն բանին, որ ագրեսորն իրեն անթույլատրելի ձևով պահի:
« Մենք կանենք մեզանից կախված ամեն հնարավոր բան: Տարածաշրջանում ռազմա-քաղաքական հավասարակշռությունը պահպանվում է, ԼՂՀ Պաշտպանական բանակը շարունակում է ռազմավարական նախաձեռնությունն իր ձեռքերում պահել, և այդպես միշտ է լինելու»,- հայտարարել է Բաբայանը:
Հիշեցնենք, որ երկուշաբթի՝ մայիսի 15-ին, հակառակորդը պաշտպանական բանակի դիրքերի ուղղությամբ կիրառել է « Սպայկ» տեսակի կառավարվող հրթիռ, ինչի արդյունքում մասնակի վնասվել է մեկ ռազմական տեխնիկա: Ադրբեջանական ԶՈւ-ի սադրանքի արդյունքում մարդկային զոհեր չեն եղել:
Հակառակորդի նախահարձակ ակտիվությունը ճնշելու նպատակով ՊԲ առաջապահ զորամասերը դիմել են պատասխան գործողությունների և շարունակել վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն: