26-05-2017 14:57

Ղարաբաղում ստատուս-քվոն այլևս չի կարող պահպանվել. ՄքԱլիսթեր

Ղարաբաղում ստատուս-քվոն այլևս չի կարող պահպանվել. Այդպես է կարծում Եվրոպական խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Դեյվիդ ՄքԱլիսթերը:
« Այս հակամարտությունը չունի ռազմական լուծում: Հարկավոր է բոլոր ջանքերը գործադրել միջազգային իրավունքի շրջանակներում: ԵՄ-ն ողջունում է հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված ցանկացած դիվանագիտական քայլ»,- Երևանում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՄքԱլիսթերը:
Մեկնաբանելով վերջերս ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում լարվածության սրմանը հաջորդած ԵԱՀԿ Մինսկի խմբի արձագանքը, ՄքԱլիսթերն ընդգծել է, որ եվրոպական բոլոր կազմակերպությունները մեկ դիրքորոշում ունեն:
« Առաջին հերթին անհրաժեշտ է հարգել հրադադարի ռեժիմի պահպանման և հակամարտության խաղաղ լուծման վերաբերյալ համաձայնագիրը: ԵՄ-ն կողմերին կոչ է անում առանց նախապայմանների բանակցություններ սկսել՝ հիմնվելով ԵԱՀԿ Մինսկի խմբի մշակած առաջարկների վրա՝ դադարեցնելու համար երկու կողմերից մարդկային զոհերի հանգեցնող գործողությունները»,- ասել է նա:
Արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում իրավիճակի լարման վերաբերյալ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների տարածած հայտարարությունում նշվում է, որ. «Տարբեր հավաստի աղբյուրներից հավաքած տեղեկությունների համաձայն, մայիսի 15-ին Ադրբեջանի զինված ուժերը հրթիռակոծել են շփման գծի հակառակ կողմում գտնվող ռազմական տեխնիկան։ Մայիսի 16-ի երեկոյան և մայիսի 17-ին հայկական զինված ուժերը պատասխանել են տարբեր տրամաչափի ականանետային կրակահերթերով»։
Հիշեցնենք, որ Ղարաբաղյան հակամարտությունը սկիզբ է առել 1988 թվականին, այն բանից հետո, երբ մեծամասամբ հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին: 1991թ. Դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցավ հանրաքվե, որի ժամանակ բնակչության 99,89%-ը կողմ արտահայտվեցին Ադրբեջանից անկախանալուն:
Դրանից հետո Ադրբեջանի նախաձեռնած լայնամասշտաբ ռազմական գործողությունները հանգեցրին այն բանին, որ այն կորցրեց վերահսկողությունը ո՛չ միայն Ղարաբաղի, այլ նաև հարակից 7 շրջանների վրա:
1994թ. մայիսի 12-ից, զինադադարի վերաբերյալ եռակողմ համաձայնագիր կնքելուց հետո, հակամարտության գոտում ռազմական գործողությունները դադարեցվել էին: Դրանց արդյունքում երկու կողմերը միասին տվել են 25-30 հազար զոհ, և գրեթե մեկ միլիոն մարդ ստիպված է եղել լքել իր տունը:
Հրադադարի պահպանման մասին համաձայնագիրը գործում է մինչ օրս:
1992 թվականից մինչ օրս բանակցություններ են ընթանում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում հակամարտության խաղաղ կարգավորման վերաբերյալ: Հիշեցնենք, որ Մինսկի խմբի համանախագահներն են ԱՄՆ-ը, Ռուսաստանը և Ֆրանսիան: