Բավ է պառակտվել
24-08-2017 11:36

ԱՄՆ-ն ԵԱՀԿ Մինսկի խմբի նոր մշտական համանախագահ է նշանակել. Հոգլանդ

ԱՄՆ-ը Ղարաբաղյան հակամարտության խնդրով զբաղվող ԵԱՀԿ Մինսկի խմբի նոր մշտական համանախագահ է նշանակել:Այս մասին Վաշինգտոնում կայացած մամուլի ասուլիսին հայտարարել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի ժամանակավոր համանախագահ Ռիչարդ Հոգլանդը։
Հոգլանդը հայտնել է, որ ժամանակավոր համանախագահի պաշտոնում իր լիազորությունները ավարտվում են օգոստոսի 28-ին, և իրեն այդ պաշտոնում կփոխարինի Էնդրյու Սկոֆերը, բայց արդեն որպես համանախագահի մշտական պաշտոնակատար:
«Նա շատ փորձառու բարձրաստիճան դիվանագետ է, ով վերջին ժամանակներս ծառայել է որպես Միջազգային կազմակերպություններում Միացյալ Նահանգների առաքելության գործերի ժամանակավոր հավատարմատար: Նա ռեալ փորձ ունի կիպրոսի և այլ կոնֆլիկտների լուծման հարցում: կարծում եմ, որ ԱՄՆ-ի պետդեպարտամենտն ու պետքարտուղարն ԱՄՆ-ը ներկայացնող հիանալի համանախագահ են ընտրել»,- ասել է Հոգլանդը:
Նրա խոսքերով նոր համանախագահը լիովին տիրապետում է ղարաբաղյան հակամարտության կարգավորման հետ կապված ինֆորմացիային և պատրաստ է ստանձնել իր պարտավորությունները:
«Ամերիկայի ներկայիս վարչակազմն այս հարցում իր մոտեցումը չի փոխում։ Ամերիկյան մոտեցումներն այս հարցում անփոփոխ են՝ անկախ համանախագահի փոփոխությունից»,- ասել է Հոգլանդը:
Ղարաբաղյան հակամարտությունը սկիզբ է առել 1988 թվականին, այն բանից հետո, երբ մեծամասամբ հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին: 1991թ. Դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցավ հանրաքվե, որի ժամանակ բնակչության 99,89%-ը կողմ արտահայտվեցին Ադրբեջանից անկախանալուն:
Դրանից հետո Ադրբեջանի նախաձեռնած լայնամասշտաբ ռազմական գործողությունները հանգեցրին այն բանին, որ այն կորցրեց վերահսկողությունը ո՛չ միայն Ղարաբաղի, այլ նաև հարակից 7 շրջանների վրա:
1994թ. մայիսի 12-ից, զինադադարի վերաբերյալ եռակողմ համաձայնագիր կնքելուց հետո, հակամարտության գոտում ռազմական գործողությունները դադարեցվել էին: Դրանց արդյունքում երկու կողմերը միասին տվել են 25-30 հազար զոհ, և գրեթե մեկ միլիոն մարդ ստիպված է եղել լքել իր տունը:
Հրադադարի պահպանման մասին համաձայնագիրը գործում է մինչ օրս:
1992 թվականից մինչ օրս բանակցություններ են ընթանում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում հակամարտության խաղաղ կարգավորման վերաբերյալ: Հիշեցնենք, որ Մինսկի խմբի համանախագահներն են ԱՄՆ-ը, Ռուսաստանը և Ֆրանսիան: