26-10-2016 10:14

Իրավիճակը տարածաշրջանում «հարաբերականորեն հանգիստ» է. ԵԱՀԿ ՄԽ համանախագահներ

Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը (Ռուսաստան), Ջեյմս Ուորլիքը (ԱՄՆ), Պիեռ Անդրյոն (Ֆրանսիա), ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը հոկտեմբերի 23-25-ին այցելել են տարածաշրջան:

Այցի շրջանակում համանախագահները հանդիպել են Հայաստանի և Ադրբեջանի նախագահների, արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների, ինչպես նաև ՀՀ պաշտպանության նորանշանակ նախարարի ու Լեռնային Ղարաբաղի իշխանությունների հետ:

Համանախագահների այցի նպատակն էր քննարկել հակամարտության գոտում ապրիլյան աննախադեպ սրացման հետևանքով ստեղծված իրավիճակն ու հստակեցնել բանակցային գործընթացում ներգրավված կողմերի դիրքորոշումները:
Հանդիպումների ժամանակ կողմերը հաստատել են, որ իրավիճակը ներկայում կարելի է որակել որպես «հարաբերականորեն հանգիստ»: Համանախագահները ևս մեկ անգամ ընդգծել են, որ հրադադարի ռեժիմի պահպանումը հիմնարար նախապայման է բանակցությունների շարունակման համար՝ հավելելով, որ ավելի վաղ Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում ձեռքբերված պայմանավորվածությունների ամբողջական իրագործումը շատ կարևոր է:

‪Բացի այդ, համանախագահները քննարկել են ներկայիս աշխատանքային առաջարկները, որոնք ուղղված են երկարաժամկետ խաղաղության հաստատմանը:

Ինչ վերաբերում է Հայաստանի և Ադրբեջանի նախագահներին, ապա նրանք ներկայացրել են իրենց տեսակետները բանակցային գործընթացն առաջ տանելու համար:

Աղբյուրը հավելում է, որ համանախագահները մտադիր են ընթացիկ տարվա դեկտեմբերին Համբուրգում կայանալիք ԵԱՀԿ նախարարական խորհրդի շրջանակում հանդիպել Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հետ՝ քննարկելու երկու երկրների նախագահների հնարավոր հանդիպումն ամենակարճ ժամկետներում կազմակերպելու հարցը:

Հայտնի է նաև, որ տարածաշրջան կատարած այցի ժամանակ համանախագահները հանդիպել են Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչների հետ՝ քննարկելու կազմակերպության կատարած աշխատանքն անհայտ կորածների վերաբերյալ տեղեկությունների փոխանակման հարցում: