19-06-2017 19:45

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն Ադրբեջանին կոչ են արել զերծ մնալ լարվածության հետագա սրումից

Բաքվում կայացած բանակցությունների ընթացքում համանախագահներն իրենց խորը մտահոգությունն են հայտնել Ադրբեջան կատարած իրենց այցի նախօրեին հրադադարի ռեժիմի խախտման վերջին դեպքերի, դրանց հետևանքով շփման գծում գրանցված զոհերի վերաբերյալ:
Համանախագահները դիմել են Ադրբեջանի ղեկավարությանը՝ կոչ անելով զերծ մնալ հակամարտության հետագա սրումից: Այդ մասին ասված է ԵԱՀԿ Մինսկի խմբի հայտարարության մեջ:
Հունիսի16-ին և 17-ին, Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմի կոպիտ խախտումների արդյունքում զոհվել է Արցախի պաշտպանական բանակի չորս զինծառայող:
Նման հայտարարությամբ համանախագահները դիմել են նաև Հայասրանի և Լեռնային Ղարաբաղի իշխանություններին: Նրանք կողմերին կոչ են արել դիտարկել այն միջոցառումները, որոնք ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում ու Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանին կհանգեցնեն լարվածության նվազմանը:
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը(Ռուսաստան), Ստեֆան Վիսկոնտին (Ֆրանսիա) և Ռիչարդ Հոգլանդը(ԱՄՆ) ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի հետ հունիսին մեկնել են Լեռնային Ղարաբաղ: Համանախագահների այցի գլխավոր նպատակը կողմերի՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված հետագա քայլերի քննարկումն էր, Մոսկվայում (ապրիլի 28-ին) կայացած նախարարների մակարդակով եռակողմ հանդիպումից հետո, և տարածաշրջանում առկա իրավիճակի համատեքստում:
Հայտարարության մեջ նաև նշվում է, որ Հայաստանի և Ադրբեջանի նախագահները ղարաբաղյան հակամարտության կարգավորման փոխզիջումային տարբերակներ գտնելու նպատակով քաղաքական բանակցությունները վերսկսելու պատրաստակամություն են հայտնել:
Համանախագահները Երևանում հանդիպել են ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ( հունիսի 10-ին), և Բաքվում՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ ( հունիսի 19-ին): Երկու երկրներում էլ նրանք քննարկումներ են անցկացրել նաև արտաքին գործերի և պաշտպանության նախարարների հետ:
Հունիսի 12-ին համանախագահներն ուղևորվել էին նաև Լեռնային Ղարաբաղ, որտեղ հանդիպում են ունեցել երկրի իշխանությունների հետ և այցելել հանրապետությանը հարակից մի շարք շրջաններ՝ այդ թվում Զանգելան, Կուբաթլու, Լաչին և Քարվաճառ: Բաքվում նրանք հանդիպել են նաև Լեռնային Ղարաբաղի ադրբեջանական համայնքի հետ:
Երկու մայրաքաղաքներում էլ համանախագահները կողմերին կոչ են արել բանակցությունների վերսկսմանն ուղղված քաղաքական կամք դրսևորել: Նրանք ընդգծել են, որ դա տարածաշրջանի բնակիչների համար կայուն խաղաղության հասնելու միակ ճանապարհն է, և նրանք ակնկալում են, ու արժանի են հակամարտության կարգավորման հարցում առաջընթացի:
Հուլիսի 3-ին համանախագահները կմեկնեն Վիեննա՝ Մինսկի խմբի անդամներին իրավիճակի մասին տեղեկացնելու: Նրաք ծրագրում են նաև մոտ ժամանակներս հանդիպել Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների հետ՝ հետագա աշխատանքի ձևաչափը քննարկելու նպատակով:
Հիշեցնենք, որ Ղարաբաղյան հակամարտությունը սկիզբ է առել 1988 թվականին, այն բանից հետո, երբ մեծամասամբ հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին: 1991թ. Դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցավ հանրաքվե, որի ժամանակ բնակչության 99,89%-ը կողմ արտահայտվեցին Ադրբեջանից անկախանալուն:
Դրանից հետո Ադրբեջանի նախաձեռնած լայնամասշտաբ ռազմական գործողությունները հանգեցրին այն բանին, որ այն կորցրեց վերահսկողությունը ո՛չ միայն Ղարաբաղի, այլ նաև հարակից 7 շրջանների վրա:
1994թ. մայիսի 12-ից, զինադադարի վերաբերյալ եռակողմ համաձայնագիր կնքելուց հետո, հակամարտության գոտում ռազմական գործողությունները դադարեցվել էին: Դրանց արդյունքում երկու կողմերը միասին տվել են 25-30 հազար զոհ, և գրեթե մեկ միլիոն մարդ ստիպված է եղել լքել իր տունը:
Հրադադարի պահպանման մասին համաձայնագիրը գործում է մինչ օրս:
1992 թվականից մինչ օրս բանակցություններ են ընթանում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում հակամարտության խաղաղ կարգավորման վերաբերյալ: Հիշեցնենք, որ Մինսկի խմբի համանախագահներն են ԱՄՆ-ը, Ռուսաստանը և Ֆրանսիան: