Բավ է պառակտվել
17-06-2017 17:03

Ղարաբաղում զինծառայող է զոհվել, ԱՀ-ն անհամարժեք պատասխան է խոստանում

Շաբաթ օրն առավոտյան Արցախում զինծառայող է զոհվել:
Երեկ հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից ձեռնարկված նախահարձակ գործողության արդյունքում արձանագրված մահվան ելքով դեպքերից հետո, այսօր առավոտյան ադրբեջանական կողմը հյուսիսային ուղղությամբ դիմել է հերթական սադրանքի, որի հետևանքով ժամը 09.40-ի սահմաններում մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1997թ. ծնված Նարեկ Տիգրանի Գասպարյանը, այս մասին հայտնում են Արցախի Հանրապետության ՊՆ մամուլի ծառայությունից:
«Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը, իր զորակցությունն է հայտնում զոհված զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին ու ծառայակիցներին»,- ասված է հաղորդագրության մեջ:
« Հավաստիացնում ենք, որ միջազգային համապատասխան կազմակերպությունների անհասցե հայտարարություններից ոգևորված հակառակորդի դարանակալ գործողությունների պատասխանը լինելու է թիրախային և անհամարժեք»,- ընդգծված է հայտարարության մեջ:
Ինչպես նախօրեին տեղեկացրել էր Արցախի Հանրապետության ՊՆ-ն, հունիսի 16-ին, ժամը 18.05-ի սահմաններում հակառակորդը հաստոցավոր հակատանկային նռնականետերից խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը ՊԲ կենտրոնական ենթակայության զորամասերից մեկի պահպանության տեղամասի ուղղությամբ, ինչի հետևանքով մահացու վիրավորումներ են ստացել ՊԲ զինծառայողներ Արայիկ Ռուդիկի Մատինյանը, Վիգեն Ժիրայրի Պետրոսյանը և Վարդան Ծովակի Սարգսյանը (բոլորը 1997թ. ծնված):