Բավ է պառակտվել
08-12-2016 15:12

Ղարաբաղում ժամկետային զինծառայողի մահվան և նրա համածառայակցի վիրավորվելու ցնցող մանրամասները

Երրորդ կայազորային քննչական բաժնում քննություն է տարվում պարզելու ժամկետային զինծառայողներ, շարքային Ալբերտ Պոստոլոկյանի մահվան և Գառնիկ Տերտերյանի՝ բեկորային վիրավորում ստանալու հանգամանքները, հաղորդում է ՀՀ ՔԿ մամուլի ծառայությունը։

N զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքում հերթապահության ընդգրկված ժամկետային զինծառայողների` շարքային Ալբերտ Պոստոլոկյանի հրազենային մահացու վիրավորում և շարքային Գառնիկ Տերտերյանի բեկորային վիրավորում ստանալու դեպքի առթիվ Զինվորական դատախազությունում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (երկու կամ ավելի անձանց սպանության փորձ) և 110-րդ հոդվածի 1-ին մասով (ինքնասպանության հասցնելը) և ուղարկվել Երրորդ կայազորային քննչական բաժին՝ նախաքննություն իրականացնելու։
Նախնական տվյալներով՝ զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքի, առույգ հերթափոխի դիտորդ, նռնակաձիգի օգնական, ժամկետային զինծառայող, շարքային Ալբերտ Հակոբի Պոստոլոկյանը 2016 թվականի դեկտեմբերի 08-ին՝ ժամը 02:10-ի սահմանում, ծառայողական նպատակով իրեն տրամադրված նռնակը նետել է գետնատնակի մուտքի ուղղությամբ, որի պայթյունից բեկորային վիրավորում է ստացել հերթափոխի՝ հանգստացող ավագ հրաձիգ, ժամկետային զինծառայող, շարքային Գառնիկ Հայկի Տերտերյանը:

Դրանից հետո Ալբերտ Պոստոլոկյանը իրեն ամրակցված ինքնաձիգից կրակոցներ է արձակել իր ծնոտի շրջանում և ստացած հրազենային վիրավորումից տեղում մահացել է:

Գ.Տերտերյանը տեղափոխվել է զինվորական հոսպիտալ, նրա կյանքին վտանգ չի սպառնում:

Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ քրեական գործով բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ հետազոտումն ապահովելու ուղղությամբ։