Բավ է պառակտվել
27-06-2017 12:33

Մասաչուսեթսում մոտ 220 հազար դոլար է հավաքվել՝ Արցախի ականազերծման համար

ԱՄՆ-ի Մասաչուսեթս նահանգում մոտ 220 հազար դոլար է հավաքվել՝ «The HALO Trust» մարդասիրական կազմակերպության կողմից Արցախի տարածքների ականազերծմանն ուղղված ծրագրի իրագործման նպատակով:
Ինչպես հաղորդում է «The Armenian Weekly» պարբերականը, միջոցները հավաքվել են կազմակերպության համանախագահներ Րաֆֆի և Նինա Ֆեստեկջյանների տանը հրավիրված բարեգործական երեկոյի ժամանակ:
Բարեգործական երեկոյին տեղի է ունեցել աճուրդ, որում ներկայացված են եղել ամերիկահայ լուսանկարիչ Սկաուն Թուֆանկջյանի աշխատանքները, ինչպես նաև գինիներ Ղարաբաղից։ Աճուրդի արդյունքում հավաքվել է 110 հազար դոլար: Տվյալ գումարը կրկնապատկվել է հայկական ծագումով բարերարի կողմից, ով նախընտրել է անհայտ մնալ:
Ինչպես նշել է երեկոյի հյուրերից մեկը՝ ԱՄՆ-ում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցիչ Ռոբերտ Ավետիսյանը, կառավարությունը շարունակում է աջակցել կազմակերպությանը, ընդգծելով, որ «The HALO Trust»-ի կատարած աշխատանքը շատ կարևոր է Արցախի անվտանգության և տնտեսության զարգացման համար:
« Նրանք ազատում են Արցախն ականներից, և գյուղատնտեսական նշանակության հողերը շատ ավելի անվտանգ են դարձնում: Նրանք նախ և առաջ կյանքեր են փրկում»,- ասել է Ավետիսյանը:
«The HALO Trust» –ը տարածքների ականազերծմամբ զբաղվող աշխարհի խուշորագույն կազմակերպությունն է: ԼՂՀ-ում կազմակերպությունը գործում է 2000 թվականից:
Ղարաբաղյան հակամարտությունը սկիզբ է առել 1988 թվականին, այն բանից հետո, երբ մեծամասամբ հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին: 1991թ. Դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցավ հանրաքվե, որի ժամանակ բնակչության 99,89%-ը կողմ արտահայտվեցին Ադրբեջանից անկախանալուն:
Դրանից հետո Ադրբեջանի նախաձեռնած լայնամասշտաբ ռազմական գործողությունները հանգեցրին այն բանին, որ այն կորցրեց վերահսկողությունը ո՛չ միայն Ղարաբաղի, այլ նաև հարակից 7 շրջանների վրա:
1994թ. մայիսի 12-ից, զինադադարի վերաբերյալ եռակողմ համաձայնագիր կնքելուց հետո, հակամարտության գոտում ռազմական գործողությունները դադարեցվել էին: Դրանց արդյունքում երկու կողմերը միասին տվել են 25-30 հազար զոհ, և գրեթե մեկ միլիոն մարդ ստիպված է եղել լքել իր տունը:
Հրադադարի պահպանման մասին համաձայնագիրը գործում է մինչ օրս:
1992 թվականից մինչ օրս բանակցություններ են ընթանում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում հակամարտության խաղաղ կարգավորման վերաբերյալ: Հիշեցնենք, որ Մինսկի խմբի համանախագահներն են ԱՄՆ-ը, Ռուսաստանը և Ֆրանսիան: