02-02-2017 16:09

Բաբայան. ԼՂՀ ԶՈւ–ի կողմից գերեվարված ադրբեջանցի զինծառայողի կյանքին և առողջությանը ոչինչ չի սպառնում

Դիվերսիայի կանխման ժամանակ Ղարաբաղի ԶՈւ–ի կողմից գերեվարված ադրբեջանցի զինծառայողի կյանքին և առողջությանը ոչինչ չի սպառնում, ասաց Արցախի նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության ղեկավար Դավիթ Բաբայանը։

Երկուշաբթի ԼՂՀ ՊՆ–ն հաղորդեց, որ փետրվարի 1–ին ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը հետախուզա-դիվերսիոն ներթափանցման փորձ է ձեռնարկել, և ՊԲ առաջապահ ուժերը դիմել են կանխարգելիչ գործողությունների և կորուստներ պատճառելով հետ շպրտել հակակառորդին` միաժամանակ գերեվարելով ադրբեջանական բանակի զինծառայող, 1995 թվականին Բարդա քաղաքում ծնված Էլնուր Հյուսեին Զադեին: Ավելի ուշ Ադրբեջանի ՊՆ–ն հայտարարեց, որ գերեվարված զինծառայողը զորացրվել է բանակից կարգապահական նորմերի խախտման պատճառով և այժմ երկրի ԶՈւ–ի շարքերում չէ։

«Ադրբեջանցի զինծառայողը գտնվում է Արցախում, նրա կյանքին և առողջությանը ոչինչ չի սպառնում։ Մենք երբեք չենք ծաղրում և չենք խոշտանգում գերեվարված զինծառայողներին, այդ պատճառով նրա ընտանիքն ու հարազատները կարող են հանգիստ լինել նրա կյանքի համար», – ասաց Բաբայանն ու ավելացրեց, որ դեռևս վաղ է խոսել ռազմագերու փոխանակման մասին։

Նա նաև հիշեցրեց, որ Ադրբեջանը միանգամից հրաժարվեց իր զինվորից։ «Սա է Ադրբեջանի ողջ էությունը` որպես ահաբեկչական պետություն։ Նրանց ավելի ձեռնտու կլիներ, եթե զինծառայողը մահանար, այդ ժամանակ նրանք նրան կսրբացնեին, իսկ հիմա, երբ նա հայտնվել է գերության մեջ և ողջ է մնացել, նրանք հրաժարվում են սեփական զինվորից», – հայտարարեց Բաբայանը։

Նա տեղեկացրեց, որ հիմա ղարաբաղա–ադրբեջանական շփման գծում իրավիճակը հանգիստ է, և ԼՂՀ ՊԲ–ն ամբողջովին վերահսկում է իրավիճակը։