27-10-2016 13:25

Ղարաբաղի շուրջ բանակցային գործընթացը հեռու է առաջընթացից. փորձագետ

Ղարաբաղի շուրջ բանակցային գործընթացը հեռու է առաջընթացից, կարծում է Կովկասի ինստիտուտի Քաղաքական հետազոտությունների դեպարտամենտի ղեկավար, քաղաքագետ Սերգեյ Մինասյանը։

Նրա խոսքով, ԵԱՀԿ ՄԽ-ի վերջին այցը տարածաշրջան ևս մեկ անգամ ապացուցել է այդ փաստը:

«Գլխավոր հարցը, որ համանախագահները փորձել են քննարկել հակամարտող կողների ներկայացուցիչների հետ, կապված է եղել վստահության մեխանիզմների ստեղծման հարցում առաջխաղացման ձեռք բերման հնարավորության հետ, մասնավորապես` ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի գրասենյակի և շփման գծում դիտարկման առաքելության ընդլայնման հետ», - նշեց Մինասյանը:

Փորձագետի խոսքով, տպավորություն է ստեղծվում, որ ադրբեջանական կողմը, խուսափելով Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում ձեռք բերված պայմանավորվածություններից կտրուկ հրաժարվելուց, փորձում է բոլոր հնարավոր տեխնիկական և քաղաքական միջոցներով հետաձգել գործընթացի իրականացումը:

«Դա նաև նշանակում է, որ հենց բանակցային գործընթացը, որն ի սկզբանե պետք է ներառեր վստահության մեխանիզմների ձևավորումը, ավելի քան հեռու է առաջընթացից, և որևէ առաջընթացի հույսեր չկան», - ընդգծեց Մինասյանը:

Նրա խոսքով, համանախագահների առաքելությունը բանակցային գործընթացը շարունակելն է, նույնիսկ եթե այն բացի հանդիպումներից ոչ մի լուրջ բաղադրիչ չի ներառում:

Մեկնաբանելով Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հնարավոր հանդիպումը` քաղաքագետը նշեց, որ այս անգամ հայտարարվել էր, որ նպատակը նախագահների հանդիպման հնարավոր կազմակերպումն էր:

«Կարծում եմ, որ ՄԽ համանախագահները և ԵԱՀԿ-ում համանախագահող Գերմանիան փորձեր կանեն որոշակի առաջընթաց գրանցել Անջեյ Կասպրշիկի գրասենյակի ընդլայնման հարցում : Կստացվի, թե ոչ` արդեն ուրիշ հարց է: Ես այս հարցում հոռետեսական եմ տրամադրված», - ավելացրեց Մինասյանը:

Նա նշեց, որ հանդիպմանը կքննարկվի Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հնարավոր հանդիպումը, որի նպատակահարմարությունը հարցականի տակ է մնում` հաշվի առնելով, որ չի գրանցվում նույնիսկ ֆորմալ առաջընթաց այն պայմանավորվածությունների շուրջ, որոնք Ադրբեջանն ընդունել է Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում: