Բավ է պառակտվել
30-06-2017 13:03

Ղարաբաղյան կարգավորմանն ուղղված ոչ մի համաձայնագիր չի կարող ստորագրվել առանց Ստեփանակերտի. Նալբանդյան

Ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ուղղված ոչ մի համաձայնագիր չի կարող ստորագրվել առանց Ստեփանակերտի. ուրբաթ օրը, Ազգային ժողովում 2016 թ. պետբյուջեի կատարողականի քննարկման ժամանակ այս մասին ասել է ՀՀ ԱԳՆ ղեկավար Էդվարդ Նալբանդյանը:
«Բոլոր փաստաթղթերում, որոնցով տարվում են բանակցությունները, այդ թվում նաև համանախագահների առաջարկներում, նշվում է, որ Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչը պետք է մասնակցություն ունենա վերջնական խաղաղ պայմանագրի մշակմանն ուղղված բանակցություններին»,- ասել է նախարարը:
Նալբանդյանն ընդգծել է, որ այդ բոլոր փաստաթղթերն այժմ պահվում են Վիեննայում գտնվող ԵԱՀԿ գլխավոր գրասենյակում, և անհրաժեշտության դեպքում դրանք կներկայացվեն հասարակության դատին:
« Առանց Ղարաբաղի անհնար է որևէ փաստաթուղթ ստորագրել: Առանց ղարաբաղյան կողմի հնարավոր չէ հասնել որևէ վերջնական համաձայնագրի»,- շեշտել է գերատեսչության ղեկավարը:
Ղարաբաղյան հակամարտությունը սկիզբ է առել 1988 թվականին, այն բանից հետո, երբ մեծամասամբ հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին: 1991թ. Դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցավ հանրաքվե, որի ժամանակ բնակչության 99,89%-ը կողմ արտահայտվեցին Ադրբեջանից անկախանալուն:
Դրանից հետո Ադրբեջանի նախաձեռնած լայնամասշտաբ ռազմական գործողությունները հանգեցրին այն բանին, որ այն կորցրեց վերահսկողությունը ո՛չ միայն Ղարաբաղի, այլ նաև հարակից 7 շրջանների վրա:
1994թ. մայիսի 12-ից, զինադադարի վերաբերյալ եռակողմ համաձայնագիր կնքելուց հետո, հակամարտության գոտում ռազմական գործողությունները դադարեցվել էին: Դրանց արդյունքում երկու կողմերը միասին տվել են 25-30 հազար զոհ, և գրեթե մեկ միլիոն մարդ ստիպված է եղել լքել իր տունը:
Հրադադարի պահպանման մասին համաձայնագիրը գործում է մինչ օրս:
1992 թվականից մինչ օրս բանակցություններ են ընթանում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում հակամարտության խաղաղ կարգավորման վերաբերյալ: Հիշեցնենք, որ Մինսկի խմբի համանախագահներն են ԱՄՆ-ը, Ռուսաստանը և Ֆրանսիան: