Բավ է պառակտվել
10-03-2017 13:22

Միջնորդները մարտի վերջին կայցելեն Հայաստան և Ղարաբաղ. Նալբանդյան

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները մարտի 27-ին կայցելեն Հայաստան և Ղարաբաղ. Ուրբաթ օրը, Հունաստանի ԱԳՆ ղեկավարի հետ ճեպազրույցի ժամանակ այդ մասին տեղեկացրել է ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը:
Նա ընդգծել է, որ միջնորդների այցը տարածաշրջանային բնույթ է կրելու, որի շրջանակներում նրանք այցելելու են նաև Ադրբեջան:
«Այցի ընթացքում համանախագահները կփորձեն տեղից շարժել բանակցային գործընթացը, բայց դրա համար հարկավոր է բացառել մի քանի իրադարձություն. մասնավորապես, նախորդ տարի Արցախի դեմ Ադրբեջանի դրսևորած ապրիլյան ագրեսիայի կրկնության հնարավորությունը, և բարենպաստ պայմաններ ստեղծել բանակցությունների համար»,- ընդգծել է Նալբանդյանը:
2016 թ. ապրիլի 2-ից 5–ը ադրբեջանական զինված ուժերն ակտիվ մարտական գործողություններ էին վարում` գնդակոծելով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դիրքերն ու բնակավայրերը, շփման գծի գրեթե ողջ երկայնքով՝ հրթիռահրետանային զենքի, զրահատեխնիկայի և օդուժի կիրառմամբ։ ԼՂՀ պաշտպանության բանակին հաջողվել էր ճնշել հակառակորդի ագրեսիվ գործողությունները` թշնամուն պատճառելով կենդանի ուժի և տեխնիկայի մեծ կորուստներ։
Արտաքին քաղաքականության գերատեսչության ղեկավարն ընդգծել է, որ առայժմ խոսք է գնում միայն համանախագահների տարածաշրջանային այցի, ո՛չ թե բարձր մակարդակի հանդրպումների կազմակերպման մասին:
« Հայաստանը չի հրաժարվում ցանկացած մակարդակի հանդիպումներից, իսկ Ադրբեջանն իր հերթին պետք է պատրաստ լինի բանակցություններին, ոչ թե շանտաժի լեզվով երկխոսություն վարի»,- ասել է Նալբանդյանը:
Հիշեցնենք, որ Ղարաբաղյան հակամարտությունը սկիզբ է առել 1988 թվականին, այն բանից հետո, երբ մեծամասամբ հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին: 1991թ. Դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցավ հանրաքվե, որի ժամանակ բնակչության 99,89%-ը կողմ արտահայտվեցին Ադրբեջանից անկախանալուն:
Դրանից հետո Ադրբեջանի նախաձեռնած լայնամասշտաբ ռազմական գործողությունները հանգեցրին այն բանին, որ այն կորցրեց վերահսկողությունը ո՛չ միայն Ղարաբաղի, այլ նաև հարակից 7 շրջանների վրա:
1994թ. մայիսի 12-ից, զինադադարի վերաբերյալ եռակողմ համաձայնագիր կնքելուց հետո, հակամարտության գոտում ռազմական գործողությունները դադարեցվել էին: Դրանց արդյունքում երկու կողմերը միասին տվել են 25-30 հազար զոհ, և գրեթե մեկ միլիոն մարդ ստիպված է եղել լքել իր տունը:
Հրադադարի պահպանման մասին համաձայնագիրը գործում է մինչ օրս:
1992 թվականից մինչ օրս բանակցություններ են ընթանում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում հակամարտության խաղաղ կարգավորման վերաբերյալ: Հիշեցնենք, որ Մինսկի խմբի համանախագահներն են ԱՄՆ-ը, Ռուսաստանը և Ֆրանսիան: