Բավ է պառակտվել
22-06-2017 14:24

Արցախի ՊՆ-ն հերքել է հայկական ԱԹՍ խոցելու վերաբերյալ Ադրբեջանի ապատեղեկատվությունը

Արցախի պաշտպանության նախարարությունը հերքել է հայկական անօդաչու թռչող սարք (ԱԹՍ) խոցելու վերաբերյալ Ադրբեջանի հերթական ապատեղեկատվությունը:
«Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն առավոտյան տարածել է հերթական ապատեղեկատվությունը՝ հայկական անօդաչու թռչող սարք խոցելու մասին: Այնուհետև «թևեր տալով» սեփական հորինվածքին, գերատեսչությունը հայտարարել է, թե «պատասխան հարվածը լինելու է կործանիչ»,-այս մասին իր Facebook-յան էջում գրել է Արցախի պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Սենոր Հասրաթյանը:
Նրա խոսքերով, այդ դատարկ և միօրինակ հայտարարությունները այնպիսի տպավորություն են թողնում, որ «այսպես կոչված հարևան երկրի» ռազմա-քաղաքական ճամբարում երևակայական «հաջողություններ» հորինելն ու դրանցով ոգևորվելը դարձել է կենսաձև:
Հասրաթյանը բոլորին կոչ է արել կատարվածին վերաբերվել ըմբռնումով և չխաբվել:
Նշենք, որ նախօրեին Արցախի պաշտպանական գերատեսչությունը հերքել էր հակամարտության գոտում դիվերսիայի և ռազմագերու վերաբերյալ Ադրբեջանի տարածած տեղեկատվությունը:
Ղարաբաղյան հակամարտությունը սկիզբ է առել 1988 թվականին, այն բանից հետո, երբ մեծամասամբ հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին: 1991թ. Դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցավ հանրաքվե, որի ժամանակ բնակչության 99,89%-ը կողմ արտահայտվեցին Ադրբեջանից անկախանալուն:
Դրանից հետո Ադրբեջանի նախաձեռնած լայնամասշտաբ ռազմական գործողությունները հանգեցրին այն բանին, որ այն կորցրեց վերահսկողությունը ո՛չ միայն Ղարաբաղի, այլ նաև հարակից 7 շրջանների վրա:
1994թ. մայիսի 12-ից, զինադադարի վերաբերյալ եռակողմ համաձայնագիր կնքելուց հետո, հակամարտության գոտում ռազմական գործողությունները դադարեցվել էին: Դրանց արդյունքում երկու կողմերը միասին տվել են 25-30 հազար զոհ, և գրեթե մեկ միլիոն մարդ ստիպված է եղել լքել իր տունը:
Հրադադարի պահպանման մասին համաձայնագիրը գործում է մինչ օրս:
1992 թվականից մինչ օրս բանակցություններ են ընթանում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում հակամարտության խաղաղ կարգավորման վերաբերյալ: Հիշեցնենք, որ Մինսկի խմբի համանախագահներն են ԱՄՆ-ը, Ռուսաստանը և Ֆրանսիան: