31-07-2017 11:24

Ադրբեջանի նոր հարձակման դեպքում մենք հակահարձակման կանցնենք. Արցախի ՊՆ

Ադրբեջանի նոր հարձակման դեպքում մենք հակահարձակման կանցնենք և կընդլայնենք մեր անվտանգության գոտին: Հայաստանի Հանրային հեռուստաալիքի «Օրակարգից դուրս» հաղորդման շրջանակներում նման հայտարարություն է արել Արցախի պաշտպանության նախարար, պաշտպանկան բանակի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանը:
«Հակահարձակման ընթացքում մենք կընդլայնենք և կխորացնենք մեր անվտանգության գոտին, ինչպես նաև անկասկած կվերադարձնենք այն մարտական դիրքերը, որոնք 2016 թ. ապրիլյան պատերազմական գործողությունների ընթացքում անցել էին ադրբեջանական կողմի վերահսկողության ներքո»,–ասել է նա:
Մնացականյանն ընդգծել է, որ հակառակորդի դիվերսիոն-հետախուզական խմբերի ներթափանցման փորձերը դադարել են, քանի որ հայկական կողմը թույլ չի տալիս իրագործել դրանք:
« Մենք վերահսկողություն ենք իրականացնում սահմանի ողջ երկայնքով, այդ թվում նաև գիշերը»,- ասել է նախարարը:
Նրա խոսքերով, Ադրբեջանական ԶՈւ-ն դիվերսիայի վերջին փորձը կատարել է փետրվարի 24- լույս 25-ին, ինչի արդյունքում հակառակորդը ունեցել է 6 կորուստ, ընդ որում՝ հինգի մարմինը թողել են մարտի դաշտում,: Եվս մեկն էլ ծանր վիրավորում էր ստացել և մահացել հոսպիտալում:
Ղարաբաղյան հակամարտությունը սկիզբ է առել 1988 թվականին, այն բանից հետո, երբ մեծամասամբ հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին: 1991թ. Դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցավ հանրաքվե, որի ժամանակ բնակչության 99,89%-ը կողմ արտահայտվեցին Ադրբեջանից անկախանալուն:
Դրանից հետո Ադրբեջանի նախաձեռնած լայնամասշտաբ ռազմական գործողությունները հանգեցրին այն բանին, որ այն կորցրեց վերահսկողությունը ո՛չ միայն Ղարաբաղի, այլ նաև հարակից 7 շրջանների վրա:
1994թ. մայիսի 12-ից, զինադադարի վերաբերյալ եռակողմ համաձայնագիր կնքելուց հետո, հակամարտության գոտում ռազմական գործողությունները դադարեցվել էին: Դրանց արդյունքում երկու կողմերը միասին տվել են 25-30 հազար զոհ, և գրեթե մեկ միլիոն մարդ ստիպված է եղել լքել իր տունը:
Հրադադարի պահպանման մասին համաձայնագիրը գործում է մինչ օրս:
1992 թվականից մինչ օրս բանակցություններ են ընթանում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում հակամարտության խաղաղ կարգավորման վերաբերյալ: Հիշեցնենք, որ Մինսկի խմբի համանախագահներն են ԱՄՆ-ը, Ռուսաստանը և Ֆրանսիան: