16-10-2017 18:48

Արցախի ԱԳՆ նշել է ղարաբաղյան հակամարտությունում իրական առաջընթացի հասնելու համար անհրաժեշտ քայլը

Ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում իրական առաջընթաց ձեռքբերելու ճանապարհին ևս մեկ քայլ պետք է դառնա լիարժեք ձևաչափով բանակցությունների վերականգնումը՝ դրա բոլոր փուլերին Արցախի Հանրապետության անմիջական մասնակցությամբ։ Այս մասին ասված է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման արդյունքներով Արցախի Հանրապետության արտգործնախարարության տարածած հաղորդագրությունում:
«Հոկտեմբերի 16-ին Հայաստանի և Ադրբեջանի նախագահների միջև կայացած հանդիպումը կարևոր նշանակություն ունի բանակցային գործընթացի ակտիվացման համար պայմանների ստեղծման տեսանկյունից, որին լուրջ վնաս է հասցվել 2016 թ․ ապրիլին Արցախի դեմ Ադրբեջանի կողմից սանձազերծված ագրեսիայի արդյունքում»,- ասված է հայտարարությունում։
2016 թ. ապրիլի 2-ից 5–ը ադրբեջանական զինված ուժերն ակտիվ մարտական գործողություններ էին վարում` գնդակոծելով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դիրքերն ու բնակավայրերը, շփման գծի գրեթե ողջ երկայնքով՝ հրթիռահրետանային զենքի, զրահատեխնիկայի և օդուժի կիրառմամբ։ ԼՂՀ պաշտպանության բանակին հաջողվել էր ճնշել հակառակորդի ագրեսիվ գործողությունները` թշնամուն պատճառելով կենդանի ուժի և տեխնիկայի մեծ կորուստներ։
«Համոզված ենք, որ բանակցային գործընթացի առաջմղման հիմքերից մեկն է 1994 և 1995 թթ. համաձայնագրերի անշեղ պահպանումը, ինչպես նաև նախկինում ձեռք բերված համաձայնությունների իրագործումը, որոնք, մասնավորապես, վերաբերում են միջադեպերի հետաքննության մեխանիզմի ներդրմանը և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի աշխատակազմի ընդլայնմանն ու դիտարկման կարողությունների ավելացմանը»,- ասված է Արցախի ԱԳՆ հայտարարությունում։