Բավ է պառակտվել
17-10-2016 09:42

Պուտին. ՀԱՊԿ երկրների առաջնորդները Երևանում քննարկում էին Ղարաբաղի հարցը

Ղարաբաղյան հարցը քննարկվեց ՀԱՊԿ երկրների առաջնորդների հանդիպման ժամանակ, լրագրողներին հայտնեց ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:

Հոկտեմբերի 14-ին Պուտինը Երևանում մասնակցեց ՀԱՊԿ նստաշրջանին:

«ՀԱՊԿ-ը ստեղծվել է արտաքին վտանգները չեզոքացնելու համար: Մենք պետք է կարողանանք արձագանքել այն ամենին, ինչ կատարվում է մեր կողքը, սակայն պետք է ձգտենք, որ բոլոր խնդիրները, որոնք մեզ բաժին հասան անցյալից, լուծվեն խաղաղ ճանապարհով և փոխզիջումների հիմքով. հենց փոխզիջման, որին պատրաստ են գնալ կողմերը: Այս համատեքստում մենք քննարկեցինք նաև ղարաբաղյան հարցը», — ասաց Պուտինը:

Նա նշեց, որ Երևանում քննարկվել են նաև նախկին ԽՍՀՄ հանրապետությունների միջև գոյություն ունեցող որոշակի լարվածությունները: Նրա խոսքով, կարևոր չէ, թե արդյո՞ք նախկին ԽՍՀՄ պետություններից այս կամ այն երկիրը մտնում է ՀԱՊԿ, թե ոչ:

«Կարևորն այն է, որ մենք այդ բոլոր երկրների հետ յուրահատուկ, պատմականորեն ձևավորված հարաբերություններ ունենք: Այդ հարաբերություններն ավելի մոտ են, ավելի խորը, քան ՆԱՏՕ-ի երկրների միջև եղած հարաբերությունները: Մենք չենք կարող դա հաշվի չառնել», — հավելեց Պուտինը: